.jpg)
Հայաստանի տարածքում շուտով կիրականացվեն ներքին ավիափոխադրումներ
«Sky Net» ավիաընկերությունը կոչված է Հայաստանում մոտ ապագայում իրականացնել ավիափոխադրումներ` Երևան-Կապան-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան և նախկինում Հայաստանի տարածքում կառուցված օդանավակայանների վերագործարկման դեպքում մյուս ուղղություններով: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց 2011-ին Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի կողմից ստեղծված «Sky Net» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը:
Ընկերությունը, շարունակեց խոսքը Գ. Վարդանյանը, պատրաստ է նաև չվերթներ իրականացնել դեպի Վրաստան և Իրան. «Արդեն ամռանը կլինեն չվերթներ դեպի Թբիլիսի, Բաթումի և Թավրիզ: Նախնական հաշվարկներով` տոմսերի գինը կլինի մոտ 40 հազար դրամ»:
«Այժմ ընկերությունը սեփականության իրավունքով տիրապետում է Jetstream 32 անգլիական արտադրության 19 տեղանոց երկշարժիչային օդանավի։ Օդանավը կարող է չվերթներ կատարել 1200 կմ շառավղով: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, անվտանգությունն ապահովված է»,- ընդգծեց ընկերության տնօրենը:
«Sky Net» ավիաընկերությունն առաջարկում է նաև ավիափոխադրումների տուրիստական ծառայությունների փաթեթ` տուրիստական տուրեր Հայաստանի տարածքում, ինչպես նաև` հարսանյաց արարողություն օդանավում` թռիչքի ընթացքում, բիզնես կորպորատիվ և բժշկական ուղղվածության չվերթներ: Ծառայությունների մեկ ժամն արժե 1680 դոլար:
Ասուլիսին մասնակից Հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան, ինչը հիմա արվում է:
Կապանի օդանավակայանն, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներում, բանախոսի հավաստմամբ, կգործարկվի, իսկ ահա Ջերմուկի օդանավակայանի հետ կապված որոշակի խնդիրներ կան. «Կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, քանի որ Ջերմուկը կարևորագույն կենտրոն է տուրիզմի զարգացման առումով»: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին, ապա Վ. Սաֆարյանի խոսքով, միայն քաղաքական լուծման կարիք կա:
«Այսօր, երբ ավելանում են ավիաընկերությունները, պետք է հետամուտ լինել, որպեսզի Հայաստանում ներքին ավիացիան զարգանա: Պետք է պետություն-մասնավոր գործընկերությունը դարձնել առարկայական գործառույթ»,- եզրափակեց խոսքը բանախոսը: