.jpg)
Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարել է Խաչատրյանի գործերը
Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում նախօրեին խաչատրյանական տոն է եղել։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Երիտասարդական նվագախմբի լրատվական ծառայության փոխանցմամբ, հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը կատարել է առաջին անգամ։
«Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասել էԱնդրեյ Բարանովը: Ա. Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ասել է. «Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։
Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգը տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։