Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց
26/11/2013 20:43

Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց

Փառանձեմ է անունը, հայրը երեխաներին պատմական անուններով է կնքել, Էրգրի կարոտն էր, արմատներով Սասունից էր ու Վասպուրականից: Ազգային արմատները հորը հանգիստ չեն տվել ու երեխաների անուններն ընտրելուց կանգ էր առել ընդգծված ազգային` հերոսների, թագուհիների անունների վրա. ու դա խորհրդային իշխանության ժամանակ:

Փառանձեմը միջահասակ է, զմրուխտե աչքեր ունի, թեև այժմ 60-ի մոտ է, սակայն կանաչակապտավուն աչքերի օվկիանում ժամանակին ոչ քիչ երիտասարդ տղամարդիկ են խորտակվել, շատերի սրտերն է ստիպել բաբախել` կանաչ երանգներով:

Ինչպես ասում են, սիրուն երես վրա ձվածեղ չես եփի, ազգականները հիշում են, թե որքան երկրպագուներ ուներ` գալիս էին Փառանձեմի մասին լսելով, ոմանք՝ մեկ անգամ տեսնելով, ու ամեն անգամ չէր ստացվում ամուսնությունը:

Խնամախոսների այցելության ժամանակ, պարզվում էր հորզոնում, կարծես թե, սեր է կայծկլտում, սակայն ոչ սերն էր` սեր, ոչ էլ խնամախոսություն էր բարեհաջող ավարտվում, ու այսպես անողոք տարիներ, որոնք խոր սպիներ են թողնում սրտի ու կյանքի վրա. ու ոչինչ: Նախ ուշ ընդունվեց ԲՈՒՀ, երբ ավարտեց` 80-ականներին էին, մարդիկ ավելի հեշտ էին սկսել ապրել, Ռուսաստան գնալ-գալ, աշխարհ տեսնելն ավելի հասանելի էր... սկսեց աշխատել: Տարիները չեն ներում կնոջը, յուրաքանչյուր կին-արարած իր ժամանակն ունի. Իսկ Փառանձեմի ժամանակ շքամուտքից ներս չէր մտնում:

Ազգականներից մեկն ասում էր, որ Փառանձեմը չամուսնացավ, որովհետև «շալվար էր հագնում»: 80-ականներին շալվարը նորաձև էր, մոդայի ճիչ էր համարվում ու ոչ բոլորն էին տաբատ հագնում. Նման աղջիկներին ծուռ էին նայում:

Փառանձեմն այժմ հոր տանն է ապրում, աշխատում է, ոչ մասնագիտությամբ, քանի որ 60-ի մոտ լինելով` մանկավարժական ոլորտում գրեթե տեղ չունես: Երևանում տունը վաճառեց ազգականներին օգնելու համար. չօգնել չէր կարող. Բնույթն էր այդպիսին ու մնաց անտուն, ազգականների մեծահոգությանը. Մեծ սիրտ ուներ, սակայն ոչ իր համար:

Փառանձեմի տարիքն արդեն 37-ի մոտ էր, ի՞նչ անել, այս տարքիում կինը պետք է կտրուկ որոշում կայացնի, ու նա կայացրեց, որոշեց երեխա ունենալ՝ առանց ամուսին: Եղբայրները տարբեր դիրքում էին, քույրերը փորձեցին հասկանալ. Երկար ժամանակ պահանջվեց՝ համակերպվելու իրողությանը. Իրենց քույրն արտաամուսնական կապից երեխա ունի: Ընտանիքը երեխա շատ էր սիրում, իրականությունն էլ իրականություն է. երեխան կա, ապրում է ու բոլորը հաշտվեցին նրա գոյությանը: Բամբասանքներ երբեմն-երբեմն հասնում էր հարազատներին. Բայց ժամանակ այդ խոսակցությունները խլացրեց, ու մնաց տղան:

Երբ երեխան ծնվեց, մի քանի ամիս անց «ամուսին» կոչվածը ընդհանրապես անհետացավ տեսադաշտից. Ասում էին, որ կինն իմացել է ու ամուսնու առջև պայման դրել` չհանդիպել «այդ կնոջն ու երեխային», հակառակ դեպքում՝ երեխաների հետ կհեռանա տնից: Թե իրականում ի՞նչ էր կատարվել` հայտնի չէ:

Ծանր տարիներ էին. մի քանի ամիս միայնակ մնալուց հետո` անլույս տարիներ էին, որոշեց հոր տուն տեղափոխվել. Գնում-գալիս էր. այսպես անցան տարիներ, ու Փառանձեմին, կարծես, բախտը ժպտաց:

Նա ամուսնացավ, ցանկանում էր աղջիկ ունենալ, սակայն արդեն 40-ի մոտ էր և չունեցավ: Շուտով մահացավ ամուսինը: Ազգականներին օգնելու համար վաճառեց նաև այս տունը` շուտով տուն գնելու ակնկալիքով, որն այդպես էլ չիրականացավ:

Սրտի մի անկունում ամփոփված մնաց արգելված սերը, ու տաք սիրտը, որն արդեն երևի թե բաբախում է` սոսկ հիշողություններից. Փառանձեմը վաղուց դադարել է սրտի ձայնը թարգմանել. Ամեն ինչ գրված է` սրբագրությամբ:

Մնաց տղան, որն արդեն տղամարդ է դարձել, ու երևի մորը ոչ մի անգամ չի հարցրել, թե ինչո՞ւ է կրում մոր ազգանունը: Հայրացուն ցանկանում էր որդեգրել,  չհասցրեց:

Փառանձեմը հարցնում է այժմ ինքն իրեն` արժե՞ր, պատասխանում է` հաստատ, այժմ ապրում է իր տղայով:

Սիրտը նվիրեց բոլորին, ապրեց բոլորի հոգսերով ու երազանքներով, տոհմի երեխաները մեծացան Փառանձեմի ձեռքերին, տարաձայնությունները չուշացան, սակայն բոլորի համար մնաց հարազատ ու տաք անկյուն:

Երևանում նրա տունը ազգականների այցելությունների մշտավայր էր, երբեք միայնակ չէր մնում: Հիմա հայրական տանն է, որն արդեն ոչ միայն իր հոր տունն էր, նաև եղբոր երեխաների:

Այժմ մի փոքր խեղճացած է, գուցե առեևույթ, ժամանակ առ ժամանակ երիտասարդության պոռթկումները վերադարձնում են Փառանձեմին իր տաքուկ ու անստորագիր կյանքը. Կյանք, որը զավակ արժեցավ:

Այժմ հույսը թոռնիկներ ունենալն է. Փառանձեմի հույսը թևածում է տան մի անկյունից մյուսը, գուցե այս անգամ երազանքներն իրականանան, ու վերադարձնեն իրեն` իր մեծ սրտից թեկուզ մեկ պատառիկ:

Նախորդող հրապարակումներ՝ Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը

Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց