.jpg)
«Գյումրու ռազմակայանին հողատարածքներ տրամադրելը բխում է Հայաստանի շահերից»
Ռուսաստանը ցանկանում է դառնալ ուժային բևեռ և այդ նպատակով համագործակցելու է իր դաշնակիցների հետ, այդ թվում` Հայաստանի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանին նոր հողատարածքներ տրամադրելու թեմային` նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ գոյություն ունի թուրքական սպառնալիք և այդ պատճառով Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել այդ հողատարածքները տրամադրել ռուսական ռազմակայանին:
«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել արդյունավետ և տրամաբանված համագործակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ»,- ասաց Լ.Շիրինյանը:
Նրա խոսքով` ռուսական ռազմաբազայի արդիականացումն ու ընդլայնումը բխում է նաև Հայաստանի շահերից` հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման խնդիրը:
«Այս պահին ձևավորվում է Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը»,- հիշեցրեց քաղաքագետը:
Իր հերթին, ՀՆԽ-ի հետախույզ Վովա Վարդանովը, անդրադառնալով թեմային, նշեց, որ ռուսական ռազմական բազայի 5.000-ոց անձնակազմի համար Գյումրիի բազան շատ փոքր է և նրանց հողատարածքները տրամադրելը օրինաչափ է` նույնիսկ մի քիչ էլ ուշացած:
«Մենք ռուսների հետ ունենք պայմանագիր, որ ռուսները պետք է մեր հետ միասին ապահովեն Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Վ. Վարդանովը:
Նա անհիմն և արհեստական է համարում այդ հողատարածքների տրամադրման հետ կապված շահարկումները: