.jpg)
Բժշկուհի. Եթե ամսական գումար տան երեխաներին` ծնունդների աճ կգրանցվի
2013 թ-ի 11 ամիսներին Չարենացավանում գրանցվել է 256 ծնունդ, 2012 թ-ին ողջ տարվա ընթացքում 234 ծնունդ: Չարենացվանի հիվանդանոցի Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարինե Պողոսյանը հիշեցրեց, որ 20-25 տարի առաջ Չարենացվանում տարեկան ծնվում էր 1000 երեխա, իսկ ամնենաքիչ ծնունդները գրանցվել են 2009 թ-ին` 2012:
Նա նաև պատմեց, որ Չարենցավանից ևս գնում են արտագնա աշխատանքի, և «եթե արտագաղթողների հետ ընտանքիներն էլ գնան, ապա Չարենացվանում մարդ չի մնա»:
Չարենցավանում հիմնականում ունենում են երկու երեխա, 3-րդ երեխան քիչ է հանդիպում, իսկ չորրորդը ավելի հազվադեպ:
«Մի ժամանակ ավելի շատ երեխաների էին ունենում, հիմա, հիմնականում, ունենում են երկու երեխա»,- ասաց նա:
Այն հարցին, թե կառավարության կողմից երրորդ երեխայի համար տրամադրվող 430 հազար դրամը արդյոք չի խթանո՞ւմ երրորդ երեխայի ծնունդը, բժշկուհին նկատեց, թե ի՞նչ կառնես այդ գումարով, այն շատ արագ վերջանում է, իսկ երեխաներին պահել է պետք:
Բժշկուհին գտնում է, որ ճիշտ կլինի երեխաներին նաև միանվագ գումար տալ` 50-100 հազար դրամ, որ կարողանան երեխային պահել, այս դեպքում, ըստ նրա, 2-3 անգամ ծնունդների աճ կգրանցվի:
Չարենացվանի հիվանդանոցն ամբողջությամբ վերանորոգված է, վիրահատարանը գործում է, սակայն խոր վիրահատությունների դեպքում հիվանդներին ուղարկում են Երևան:
Հիվանդանոցը ներդրումների կարիք ունի, ծննդօգնության հետ կապված վիրահատությունները կատարվում են վիրաբուժարանի վիրահատարանում, իսկ ծննդաբերական բաժանմուքնի վիրահատարանը կոմպլեկտավորման կարիք ունի:
Նշենք, որ Չարենցավանի եռահարկ հիվանդանոցը կառուցվել է 1967 թվականին, բացի Չարենցավան քաղաքից, այն սպասարկում է նաև մոտակա համայնքների բնակիչներին` ընդհանուր առմամբ ավելի քան 35 հազար մարդու: Կենտրոնում գործում են վիրաբուժական, թերապևտիկ, ինֆեկցիոն, մանկաբարձական բաժանմունքներ և պոլիկլինիկա: