ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ
26/11/2013 21:00

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ

Մասնագիտությունը` Զինվոր. Փոխգնդապետ Մհեր Մկրտչյան, ՀՀ ԶՈւ N զորամասի գումարտակի հրամանատար

«Առաջին մարտական հերթապահությունից հետո զինվորը հասկանում է` հայրենիքը ստեղից` պոստի հողից ա սկսվում»

Գումարտակի հրամանատար Մհեր Մկրտչյանին հանդիպում եմ ՀՀ մարտական դիրքերից մեկում: Դիրքն ու պաշտպանական այս ուղղությունն առհասարակ, հաճախ «Երևանի դարպասներ» են անվանում: Հենց այստեղ` «Երևանի դարպասների» մոտ էլ զրուցում ենք հրամանատարի հետ:

«Զինված ուժերում եմ 12 տարի: Մինչև ծառայության անցնելըч սովորել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հետո մի քանի զորամաս եմ փոխել ու արդեն երկու տարի է՝ այս զորամասում եմ»,- պատմում է հրամանատարը:

Ի պաշտոնե գումարտակի հրամանատարը շատ է զինծառայողների հետ շփվում: Նրանից հետաքրքրվում եմ` 12 տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է տեսնում բանակում, պատասխանում է` բանակում ամեն օր, ամեն ժամ է մի բան փոխվում.

«Բանակը քարացած, սառած մեխանիզմ չի հո: Կենդանի օրգանիզմ է բանակը, ու հավատացեք՝ այստեղ ամեն օր, ամեն ժամ մի բան է փոխվում: Փոխվում են զինվորները, մարտավարական սկզբունքները…»:

Հատկապես զինվորների հետ կապված՝ գումարտակի հրամանատարը գլխավորապես դրական փոփոխություններ է նկատում.

«Դե տարբեր մարդիկ են գալիս, տարբեր տեղերից, տարբեր բնավորությամբ: Բայց պիտի մի բան ասեմ` վերջին տարիներին մեր զինվորների մոտ հայրենասիրությունն է ավելանում: Շատերն արդեն գիտակցում են` ինչի, ում համար են գալիս ծառայության: Հատկապես առաջին մարտական հերթապահությունից հետո հասկանում են` հայրենիքը ստեղից` պոստի հողից ա սկսվում»,- ասում է գումարտակի հրամանատարը:

«Դիրքն էլ հիշողություն ունի` հաստատ»

Դիրք բարձրանալու ճանապարհին փոխգնդապետ Մկրտչյանը պատմում է` լուրջ կենսագրություն ունեցող հենակետ ենք գնում, տղերքի կյանքի գնով ենք վերցրել… ու լռում է:

Հետո` արդեն խրամատում, ցույց է տալիս դրված ցուցանակն ու շարունակում.

«Դիրքը բարձրադիր է, շատ կարևոր: Պատերազմի տարիներին մի քանի տղերքով են ազատագրել այն ու հիմա իրենց անուններով ցուցանակ է դրված այստեղ: Գիտե՞ս` սա ավելի է պարտավորեցնում այսօրվա զինվորներին, որ զգույշ և ուշադիր լինեն: Սա օգնում է գիտակցել` որտեղ են, ում շնորհիվ ու ինչի համար են այստեղ կանգնած»:

Գումարտակի հրամանատարը հիշում է` իրենց զորամասում սպա կար, ում հայրը զոհվել էր հենց այս դիրքի ազատագրման ժամանակ. «Ինքը առանձնահատուկ շատ էր սիրում այս դիրքը: Երբ զորամասում իրեն չէինք գտնում, հաստատ գիտեինք` որտեղ է: Գալիս, բարձրանում էր ստեղ, զրուցում էր զինվորների հետ…Դիրքն էլ հիշողություն ունի` հաստատ»:

Փոխգնդապետ Մկրտչյանին խնդրում եմ, որ այս կարևոր հատվածում, որ, ինչպես ասացի, «Երևանի դարպասներ» են կոչում, գնահատի մեր ու հակառակորդի հնարավորությունները.

«Ասեմ, որ այս դիրքերը, այս ուղղությունն է ապահովում մայրաքաղաք տանող ճանապարհների անվտանգությունն ու մենք, անկասկած, շատ ուժեղ ենք այստեղ: Շուրջդ նայի` ի՞նչ ես տեսնում, մեր սարերն են չէ՞: Դե իմացի` մենք բարձունքի վրա ենք այս հատվածում, իսկ որտեղ մեր սարերն են ու մենք` ուրեմն այդտեղ միշտ էլ հաղթող ենք»,- պատասխանում է գումարտակի հրամանատարը:

«Եթե կամբատ ես, անկախ իրավիճակից ու տրամադրությունից, մեկ ա` ձիգ ես»

Երբ գումարտակի հրամանատարին խնդրում եմ պատմել զինվորների հետ աշխատանքի մասին, զրույցին միջամտում է նույն զորամասի մեկ այլ սպա.

«Եթե թողեք՝ մի բան ես ասեմ: Մկրտչյանը գիտեք ո՞նց ա` կգա, կջղայնանա, կգոռգռա, բայց բոլոր զինվորները նրան շատ են հարգում ու սիրում, որովհետև Մկրտչյանը մի կողմից գոռում ա, մյուս կողմից` անձնուրաց սիրում ա զինվորին: Մկրտչյանը, ո՞նց ասեմ, ֆոռմի մարդ ա, ձիգ կամբատ ա, որ ոչ մի բանից չի վախում»,- ասում է սպան ու նրան ծիծաղելով ընդհատում է փոխգնդապետ Մկրտչյանը.

«Դե, եթե կամբատ ես, անկախ իրավիճակից ու տրամադրությունից, չես կարող ձիգ չլինել: Գալիս մի ամբողջ գումարտակ զինվորի առաջ ես կանգնում, ու գիտես, որ իրենց համար դու պատասխանատու ես` թույլ լինելու իրավունք էլ չկա»:

«Բարդը գիտես ո՞րն ա, երբ զինվորդ վիրավորվում ա ու դու մտածում ես` ինչի՞ եղավ»

Զրույցի վերջում, փոխգնդապետ Մկրտչյանից հետաքրքրվում եմ` ո՞րն է ծառայության ամենամեծ բարդույթունը.

«Ծառայության առօրյա կյանքում բարդ բան չկա: Հա, ամբողջ կյանքդ ֆոռմով ես, տանը չես լինում համարյա, բայց դա բարդություն չի: Բարդը գիտես ո՞րն ա, երբ զինվորդ, Աստված հեռու տանի, հակառակորդի կրակից վիրավորվում ա, դու իրան հասցնում ես բժշկի մոտ ու հետո մենակ մի տեղ նստում ու մտածում ես` ինչի՞ եղավ: Գլուխդ էլ ուրիշ միտք չի գալիս»,- գումարտակի հրամանատարը լռում է:

«Անընդհատ մտածում ես` ինչի՞ եղավ: Ո՞րտեղ է քո բացթողումը, ի՞նչ չես արել, որ պիտի անեիր: Եթե անկեղծ, երբեք չես փնտրում ուրիշի մեղքը…»,- շարունակում է փոխգնդապետ Մկրտչյանը:

«Ասում ես` պիտի գնայի, պիտի ընդեղ լինեի, կողքը, մոտը, էդ դիրքում…Դու` կամբատը, քո զինվորն ու վերջ»,- ավարտում է գումարտակի հրամանատարն ու լռելով նայում նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող իր զինվորներին:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ