Բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս. Գործը Վերաքննիչում է
27/11/2013 20:40

Բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս. Գործը Վերաքննիչում է

Վերաքննիչ քրեական և զինվորական դատարանում ընթանում է «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ անդամ Նորիկ Սարգսյանի և նրա կնոջ՝ Մարինե Գրիգորյանի գործի քննությունը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ն. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության անդամ լինելու հանգամանքից ձեռք է բերել որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ /մետաղյա ճոպաններ/, ձկնորսական էլեկտրական, գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ և ապօրինի որսի վերաբերյալ նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների` «Սմբո», «Ռոմիկ», «Նորո, «Արտյոմ», «Ծկլ», «Պապա», «Ավո» անուններով ու մականուններով, որոնց ինքնությունը քննությամբ հնարավոր չի եղել պարզել, կատարված դերաբաշխման համաձայն` 2011 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար, ձիով մուտք է գործել «Խոսրովի անտառ պետական արգելոց», մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս` այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձելով ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքը /ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն/:

Նա Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում սիստեմատիկաբար կատարել է «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս:

Մ. Գրիգորյանը ամուսնու` Ն. Սարգսյանի և խմբի մյուս անդամների հետ նախնական համաձայնությամբ, կատարված դերաբաշխման համաձայն այդ ձուկը որսամսի և արջի մորթու հետ իրացրել է շուկայական 1.767.000 ընդհանուր գնով /մսի կիլոգրամը 3000, ձկանը` 5000, արջի մորթին` 40.000 դրամով/ և գումարը բաժանել իր ամուսնու ու մյուս որսագողերի միջև` գործընթացը ենթարկելով գրավոր հաշվառման: Նաև մասնակցել է որսագողության նախապատրաստմանը, ընդունել որսը, մասնակցել որսամսի մշակմանն ու պահպանմանը, զենքերի, զինամթերքի, սարքավորումների պահպանմանը և կատարել հանցագործության ընթացքն ապահովող այլ գործողություններ:

Ն. Սարգսյանի, Մ. Գրիգորյանի և մյուսների ապօրինի գործողությունների հետևանքով բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս:

Ամբաստանյալ Ն. Սարգսյանը կատարել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործություն, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, խնամքին է գտնվում 2006 թ. ծնված որդին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի 1255 բնակիչների կողմից ստորագրահավաք է կատարվել, որով վերջիններս խնդրել են Ն. Սարգսյանին ազատ արձակել:

Հետևաբար դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ն. Սարգսյանից ու Մ. Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 9.600.000 /ինը միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար, իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը 28.000.000 /քսանութ միլիոն/ ՀՀ դրամ գումարը թողնել առանց քննության, այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ն. Սարգսյանին վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում 2 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ 2 տարի ժամկետով:

Մ. Գրիգորյանը դատապարտվել է տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով` որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ 2 /երկու/ տարի ժամկետով:

Քաղաքացիական հայցվոր` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000 /երեսունյոթ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի` Ն. Սարգսյանից և Մ. Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.600.000 ՀՀ դրամ գումար` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար:

Քաղաքացիական հայցի մնացած մասը 28.000.000 ՀՀ դրամ գումարը թողնել առանց քննության, այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:

Բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս. Գործը Վերաքննիչում է