.jpg)
ԵԽ․ Թուրքիայում արմատավորված է իրավապահ մարմինների անպատժելիությունը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ այս տարվա սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ մարդու իրավունքների համատարած ոտնահարման համար։
Նիլս Մյուժնիեկսի կողմից պատրաստված զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, ասվում է, որ Թուրքիայի ոստիկանության կողմից ուժի չարաշահման մեղադրանքները չեն քննվում։ Այս մասին գրում է Washington Post-ը։
«Հանձնակատարը գտնում է, որ մարդկանց իրավունքների ոտնահարման համար իրավապահ մարմինների անպատժելիությունը արմատավորված խնդիր է Թուրքիայում»,-ասվում է զեկույցում։
Թուրքիայի արդարադատության նախարարը չի մեկնաբանել զեկույցը, որը հրապարակվեց ընդամենը շաբաթներ անց, երբ Եվրամիությունը վերսկսեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները, որոնք դադարեցված էին ավելի քան 3 տարի։
Հազարավոր ցուցարարներ վիրավորվեցին, 5 մարդ սպանվեց մայիս-հունիսին Թուրքիայում բռնկված համազգային բողոքի ակցիաների ժամանակ։
«Կան ուժի կիրառման լուրջ, հետևողական և արժանահավատ տվյալներ, հատկապես արցունքաբեր գազի ավելորդ և ոչ պատշաճ կիրառման առումով։ Այս ամենը լուրջ մտահոգություն են առաջացնում, որը պահանջում է Թուրքիայի իշխանությունների պատասխանը»,- ասում է հանձնակատարը։
Մյուժնիեկսի զեկույցը զգուշացնում է, որ անկախ հետաքննության ձախողումը կհանգեցնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ընդդեմ Թուրքիայի բազմաթիվ գործերի ներկայացմանը։ ՄԻԵԴ-ը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի կատարումը ԵԽ անդամ բոլոր 47 պետությունների, այդ թվում Թուրքիայի կողմից։
Զեկույցում նշվում է նաև լրագրողների հետ կապված բազմաթիվ միջադեպերը, ովքեր ցանկանում էին լուսաբանել բողոքի ակցիաները։