.jpg)
Միջուկային համաձայնությունը՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հավանական գործարք
Նոյեմբերի 24-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում 5-օրյա լարված բանակցություններից հետո 6 առաջատար տերությունները (ԱՄՆ, Ռուստաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Գերմանիա) և Իրանը համաձայնության հասան միջուկային խնդրի շուրջ: Համաձայնության շրջանակում Իրանը պարտավորում է կրճատել իր միջուկային ծրագիրը, փորձագետներին թույլ է տալու մուտք գործել միջուկային օբյեկտներ, իսկ Արևմուտքը իր հերթին թուլացնելու պատժամիջոցները:
Այս համաձայնությանը անմիջապես հետևեց Իրանի տարածաշրջանում երկու մրցակիցների՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի արձագանքը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ դատապարտեց միջազգային հանրությանը` Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը «պատմական սխալ» որակելով և միաժամանակ վերահաստատեց ցանկացած վտանգավոր պահի Իրանի վրա հարձակվելու պատրասատակամությունը` պարզաբանելով, որ Իսրայելն ունի այդ իրավունքն և դա ինքնապաշտպանական միջոց է:
Իսրայելը վստահ է, որ Իրանը շարունակելու է միջուկային զենք մշակել, և Արևմուտքին կոչ է արել շարունակել ճնշումներ գործադրել Իրանի վրա: Իհարկե, Իսրայելի անհանգստությունը տեղին է, քանի որ ի դեմս Իրանի` Իսրայելը ստեղծել է թշնամու կերպար: Բացի այդ, Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների թուլացումը կնշանակի, որ այն առաջատար դիրքեր կգրավի տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքից աստիճանաբար հեռանալը իսկական վտանգ կլինի հրեական պետության անվտանգության համար, թեև համաձայնությունից հետո ԱՄՆ-ն երաշխիքներ է տվել Իսրայելին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ առաջիկա վեց ամիս Իսրայելն առավել անվտանգ է կլինի, քան նախկինում:
Դեռ հստակ չենք կարող ասել, արդոք Իրանը իր դիրքորոշումը կփոխի Իսրայելի նկատմամբ, սակայն նախնական փուլում կշարունակի «սիոնիստական ռեժմին» ցանկացած պահի սպառնալ երկրի վրայից ջնջելու հայտարարություններով, չնայած Իսրայելի միջուկային զենքը զսպում էր Իրանին:
Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա Էռ-Ռիադը նշեց, որ համաձայնությունը կարող է Թեհրանի միջուկային ծրագրի վերջնական որոշման առաջին քայլը լինի` պայմանով, որ «Իրանը հետ չի կանգնի իր որոշումից»: Ի տարբերություն Իսրայելի՝ թագավորության հայտարարությունը այդքան էլ կոշտ չէր, թեև երկուսն էլ նույն մտավախությունն ունեն:
Այս ընթացքում մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ Սաուդյան Արաբիան «պաշտպանական նոր դոկտրին» կմշակի Մերձավոր Արևելքում Իրանի ուժեղացող ազդեցությանը դիմակայելու համար, բացի այդ Իսրայելին խոստացել է իր տարածքը տրամադրել Իրանի վրա հնարավոր հարձակման համար:
Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները սրվել էին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, երբ երկու երկրների հարաբերությունները վերաճեցին անվստահության ու թշնամանքի: Հետագա իրադարձությունները` 1980-88 թթ. Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Սաուդյան Արաբիայի` Իրաքին աջակցելը, 1981 թվականի Ծոցի համագործակցության խորհրդի ստեղծումը, որի մեջ չմտավ Իրանը, 1987 թվականի Սաուդյան Արաբիայում ցույցերի ժամանակ իրանցի ուխտագնացների սպանությունները, ավելի սրեցին երկու երկրների հարաբերությունները: Իսկ 2010 թվականին Վիքիլիկս կայքի շնորհիվ հայտնի դարձավ, որ Աբդուլա թագավորը ԱՄՆ-ին բազմիցս կոչ է արել հարձակվել Իրանի վրա և ոչնչացնել միջուկային ծրագիրը: Նոր շրջանում երկու երկրները մրցակցում են Սիրիայի հակամարտությունից, Բահրեյնի ու Եգիպտոսի անհանգիստ վիճակից մինչև Լիբանանի, Պաղեստինի ու միջուկային զենքի շուրջ: Սունիադավան թագավորությանը հիմնական մտավախությունը Իրան-Սիրիա-Իրաք-Բահրեյն շիական գծի հետագա ուժեղացումն է:
Սաուդների անհանգստությունը կայանում է նրանում, որ 2014 թվականին Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Իրանը նոր դեր կստանձնի ողջ տարածաշրջանում, այդ թվում և Սիրիայի ու Իրաքում: Բացի այդ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավումը հետին պլան է մղելու ԱՄՆ-Սաուդյան Արաբիա վաղեմի բարեկամությունը: Արդեն այս փուլում թագավորությունը իրենց խաբված է զգում: Այսպես, «վեցյակի» հետ համաձայնությունից հետո Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Նավաֆ Օբայդը ԱՄՆ-ին մեղադրեց անազնվության, իրենց ստելու և իրադարձությունները գաղտնի պահելու մեջ:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման պարագայում վտանգի տակ են հայտնվում նաև Սաուդյան Արաբիայի` նավթի համաշխարհային շուկայում ունեցած առաջատար դիրքերը: Արդեն նոյեմբերի 25-ին նավթի համաշխարհային շուկայում գների անկում նկատվեց. մեկ բարել նավթն էժանացավ երկու դոլարով: