Տարածաշրջանային բլոգ. Պակիստանյան տալիբները` «ալ-Կաիդայի» ուղեծրում
28/11/2013 21:54

Տարածաշրջանային բլոգ. Պակիստանյան տալիբները` «ալ-Կաիդայի» ուղեծրում

Նոյեմբերի 27-ին իսլամական որոշ համացանցային ռեսուրսներում հաղորդագրություն տարածվեց, որ «ալ-Կաիդայի» (ԱԿ) ղեկավարությունը «Պակիստանի տալիբական շարժումը» (ՊՏՇ) բնորոշում է, որպես համակիր «մուջահիդ եղբայրների» շարժում՝ խնդրելով Աստծուն աջակցել ու պահպանել ՊՏՇ-ն նոր էմիր ընտրված Մուլա Ֆադլ Ալլահին, ով ներկայացվում է որպես հարգարժան և ընդունելի անձնավորություն ԱԿ-ի ղեկավարության կողմից: Այս նյութում գովաբանվում է նախկին էմիր ջիհադական պայքարն ու 2010թ-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նրա կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները:

Հաքիմ Ալլահ Մահսուդը սպանվեց ամերիկյան ԱԹՍ-ի (Անօդաչու թռչող սարք) միջոցով ս. թ. նոյեմբերի սկզբին Պակիստանի հյուսիս-արևմուտքում: Միացյալ նահանգները Մահսուդի գլխի համար սահմանել էին պարգևատրում 5 մլն. դոլարի չափով, ինչը արդեն խոսում է վերջինիս կարևոր և լուրջ դերակատարման մասին ինչպես տալիբական, այնպես էլ իսլամական ծայրահեղական շարժման մեջ: Ինչևէ, պակիստանյան տալիբները կորցրեցին առանցքային ղեկավարներից մեկին, ով իսլամական ծայրահեղ արմատական շրջանակներուն ուներ մեծ հեղինակություն:

Մահսուդի սպանությունը հարուցեց տալիբների շրջանում տարաձայնությունների առաջացման՝ կապված շարժման ղեկավարի ընտրության և տալիբների հետագա պայքարի ուղենիշների սահմանման հետ: Մահսուդի ղեկավարման տարիներին պակիստանյան իշխանությունների դեմ ՊՏՇ-ի կողմից վարվող պայքարում մեղմացում նկատվեց, նույնիսկ նշմարվեցին երկկողմանի հանդիպումների և բանակցությունների կոնտուրներ: Պակիստանում Մահսուդի սպանությունը լուրջ արձագանք ունեցավ ոչ միայն տալիբների և նրանց համակրող ուժերի շրջանում, այլև հասարակական այլ շերտերում, որն արտահայտվեց ամերիկյան ԱԹՍ-ի միջոցով Պակիստանում իրականացվող հարվածների դեմ ուղղված զանգվածային ելույթներով:

ՊՏՇ-ի նոր ղեկավարի ընտրությունն ակնառու դարձրեց տալիբական շարժման մեջ առկա հակասությունները. երբ նոյեմբերի կեսերին ցեղային առաջնորդների խորհուրդը Մուլա Ֆադլ Ալլահին ընտրեց տալիբական շարժման ղեկավար, տալիբական մրցակից կլաններ ներկայացնող մի քանի առաջնորդներ, ի նշան անհամաձայնության, ցուցադրաբար լքեցին խորհուրդը: Ընտրվելուց անմիջապես հետո Ֆադլ Ալլահը հանդես եկավ պակիստանյան իշխանությունների հետ բանակցային գործընթացները դադարեցնելու և պայքարը նոր հունով ուղղորդելու վճռական հայտարարություններով:

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, հատկապես նախապատրաստվող ԱՄՆ-Աֆղանստան երկկողմանի անվտանգության համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է Աֆղանստանում արևմտյան ռազմուժի տեղակայման ժամկետների երկարաձգում (մինչև 2024թ)՝ ԱԿ-ի ղեկավարության վերոհիշյալ հաղորդագրությունը փորձ է «ալ-Կաիդայի» ուղեծրում պահել կենտրոնասիական տարածաշրջանում առկա արդի իսլամական ծայրահեղական ներուժը: Այս հաղորդագրությունը նաև մեսիջ է պարունակում, հասցեագրված տարածաշրջանում գործող համակիր իսլամական ուժերին, շարունակելու պայքարն այստեղ տեղակայված արևմտյան ուժերի դեմ, իսկ Ֆադլ Ալլահին ԱԿ-ի կողմից «հարգարժան», «ընդունելի» և այլ բնորոշումները, ինչպես նաև՝ նախկին էմիրի՝ Հաքիմ Ալլահ Մահսուդի «հերոսական» անցյալի մասին հիշատակումները կանաչ լույս են տալիս ՊՏՇ-ն նորընտիր էմիրին ու նրա կողմից ղեկավարվող ՊՏՇ-ին շարունակելու ջիհադական պայքարը ոչ միայն Պակիստանում, այլև նրա սահմաններից դուրս:
 

Տարածաշրջանային բլոգ. Պակիստանյան տալիբները` «ալ-Կաիդայի» ուղեծրում