.jpg)
Պայթյունավտանգ իրավիճակ Ջավախքում. Ճելա գյուղում քրիստոնյաները բողոքում են
Վրաստանի Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Ճելա գյուղում իրավիճակը նորից լարվել է: Քրիստոնյաները պահանջում են ապամոնտաժել նոյեմբերի 27-ին գյուղում տեղադրված մինարեթը: Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության ավելի քան 500 աշխատակիցներ, որոնք փորձում են թույլ չտալ, որ բախումներ տեղի ունենան քրիստոնյաների և մուսուլմանների միջև:
Գյուղում հավաքվել են ավելի քան 100 վրացի հոգևորականներ, որոնք անթույլատրելի են համարել մինարեթի տեղադրումը: Իրավիճակն այժմ հսկողության տակ է, սակայն, հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Ամեն ինչ սկսվեց ս.թ. օգոստոսի 26-ին, երբ տեղի իշխանությունները ապամոնտաժեցին մինարեթը՝ պատճառաբանելով, որ այն Թուրքիայից ներմուծելու և մաքսազերծելու ընթացքում խախտումներ են տեղի ունեցել:
Ճելա գյուղում բնակվող մոտ 50 ընտանիքների կեսը մահմեդական համայնքի ներկայացուցիչներ են, մյուս կեսը՝ քրիստոնյա, և տասնամյակներ շարունակ կողք-կողքի հաշտ ու խաղաղ ապրող բնակիչները օգոստոսի 26-ից հետո, կարծես՝ թշնամացել են:
Մինարեթի ապամոնտաժման ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և տեղի մուսուլմանների միջև, որոնցից 21 հոգի բերման էին ենթարկվել ոստիկանության Ախալցխայի բաժին: Նույն երեկոյան, տեղի ունեցածի կապակցությամբ, հայտարարություններ էին տարածել Վրաստանի մահմեդականների միությունը, հանդուրժողականության և բազմերանգության ինստիտուտը: Մահմեդականների միությունը մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և պահանջել պարզել մինարեթի ապամոնտաժման օրինականությունը ու հետ վերադարձնել այն։ Հանդուրժողականության և բազմերանգության ինստիտուտը իշխանությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել մահմեդականների խախտված իրավունքների վերականգնման համար:
Այս դեպքերից երեք ամիս անց, փաստորեն, մինարեթը վերատեղադրել են Ճելա գյուղում, ինչն այս անգամ առաջացրել է քրիստոնյաների զայրույթը:
Հ.Գ. Այս պահին կարևոր է, թե ինչ գործողություններ կիրականացնեն և ինչ միջոցներ կձեռնարկեն Վրաստանի իշխանություններն ստեղծված իրավիճակը հարթելու համար, որպեսզի ապահովվի կողմերից յուրաքանչյուրի շահերի պաշտպանությունը, և Ճելա գյուղում կրկին հաստատվի խաղաղություն: