Իռլանդիայում սպառնում են մուսուլմաններին
29/11/2013 20:59

Իռլանդիայում սպառնում են մուսուլմաններին

Վերջերս Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում իռլանդաբնակ մուսուլմանների հասցեին սպառնալիքներ պարունակող անանուն նամակ է տարածվել, որը հայտնվել է ինչպես համացանցում, այնպես էլ մուսուլմանների անձնական փոստարկղերում:

Նամակի հեղինակները սպառնում են սպանել Իռլանդիայի մուսուլմաններին, նրանց կանանց ու երեխաներին, որոնք գլխաշոր են կրում, ժամանում են հասարակական վայրեր, մզկիթներ և այլն: Նամակում մեղադրանքներ կան նաև իռլանդական իշխանությունների հանդեպ, որոնք թույլ են տալիս մուսուլմաններին գալ և բնակություն հաստատել Իռլանդիայում:

Նամակի ոճից կարելի է եզրակացնել, որ այս ամենի հետևում կանգնած են իռլանդացի աջ ծայրահեղականները: Այդուհանդերձ, նամակում ոչինչ չկա Իռլանդիայում առկա իսլամական արմատականների կամ իսլամական ծայրահեղական վտանգի մասին, ուստի այն հասցեագրված է մուսուլմաններին ընդհանրապես՝ չդնելով ոչ մի խտրականություն:

Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչ նպատակներ են հետապնդում նամակի հեղինակները, այստեղ առաջին հերթին նկատվում է մուսուլմանների կյանքին սպառնացող վտանգ, ինչպես նաև ոտնահարվում է մարդու և քաղաքացու հանընդհանուր խղճի և դավանանքի ազատությունները, որոնք այդքան խնամքով պահպանվում և փայփայվում են հենց եվրոպացիների կողմից: Այս համատեքստում, իռլանդական իշխանական շրջանակներից արդեն լսվող քննադատություններին զուգահեռ, որոնք ուղղված են նման նամակների, այստեղ հնչող սպառնալիքների ու նամակի հեղինակների դեմ, անհրաժեշտ է, որպեսզի իռլանդական հասարակական լայն շրջանակների կողմից նույնաբովանդակ հաղորդագրություններին նույնպես համապատասխան արձագանք և վերաբերմունք տրվի, քանզի, եթե Իռլանդիայում սկսեն ահաբեկել մուսուլմաններին, ապա այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
 

Իռլանդիայում սպառնում են մուսուլմաններին