Կշարունակվե՞ն պղնձի և մոլիբդենի գների նվազման միտումները հումքային բորսաներ
29/11/2013 20:25

Կշարունակվե՞ն պղնձի և մոլիբդենի գների նվազման միտումները հումքային բորսաներ

Համաշխարհային հումքային բորսաներում պղնձի և մոլիբդենի, ինչպես նաև որոշ արդյունաբերական և ազնիվ մետաղների համար ստեղծվել է անբարենպաստ վիճակ, որի արդյունքում վերջին 2-3 տարիների ընթացքում շուկաներում այդ մետաղների գնանշումների նվազման միտումներ են դիտարկվում: Մետաղների գների նվազումը բնականաբար բացասական է ազդում նաև մեր տնտեսության վրա` ոչ մեկի համար գաղտնիք չէ մեր երկրի տնտեսության համար պղնձի և մոլիբդենի կարևորությունը: 2012թ.-ի տվյալներով մեր երկրի արտահանման կառուցվածքում միայն այս երկու մետաղների հետ կապված ապրանքատեսակների` (պղնձի խտանյութ, չզտված պղինձ, ֆերոմոլիբդեն, մոլիբդենի խտանյութ) արտահանման գումարային մաքսային արժեքը կազմել է 447 մլն. դոլլար, որն ամբողջ արտահանման 31%-ն է կազմել: Այս մետաղների արդյունահանման, հանքահարստացման և մշակման գործընթացները իրականացնող ձեռնարկությունները մեծ նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, դրանցից մի քանիսը (ԶՊՄԿ, Գեոպրոմայնինգ Գոլդ, Մաքուր Երկաթի գործարան, ACP և այլ ձեռնարկություններ) հանդիսանում են խոշոր հարկատուներ, այդ պատճառով մեր տնտեսությունը բավական զգայուն է այս մետաղների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ:

Պղնձի գնանշումները համաշխարհային հումքային բորսաներում այս տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ գրանցել են փետրվար ամսին, որը կազմել է 8279 $/տ, որից հետո գրանցել են անկում և ամենացածր ցուցանիշը կազմել է 6721 $/տ հունիս ամսին: Ներկայումս պղնձի գները մի փոքր բարձրացել են և գտնվում են 7100 $/տ միջակայքում: Նշենք, որ 2008-2009 թթ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո պղնձի գնանշումները առավելագույն արժեքը գրանցել են 2011թ.-ի փետրվարին, որը կազմել է 9934 $/տ: Դրանից հետո միտումը ընդհանուր առմամբ բացասական է և ինչպես տեսնում ենք այս ընթացքում պղնձի գները էժանացել են մոտ 2800 ամերիկյան դոլլարով:

Ինչ վերաբերում է մոլիբդենին, ապա այս մետաղի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ներկայումս կազմում է 21300 $/տ: Եթե այս տարվա առաջին կիսամյակում մոլիբդենի գնանշումները տատանվում էին 24000-25000 $/տ սահմաններում, ապա հուլիսին դրանք նվազել էին և հասել 20300 $/տ: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մոլիբդենի գները ընդհանուր առմամբ նույնպես նվազման միտում են դրսևորում և 2011թ.-ի համեմատ 1 տոննայի գները նվազել են 13 000 դոլլարով:

Այս մետաղների գների վրա բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության դանդաղ աճը, ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշների նվազումը, Չինաստանի աճի տեմպերի նվազումը, Ճապոնիայի, Եվրամիության ռեցեսիանները և դոլլարի ուժեղացումը: Այնուամենայնիվ վերջին 2-3 տարիների ընթացքում նկատվել է պղնձի և´ արտադրության, և´ պահանջարկի աճ: Համաշխարհային հումքային բորսաներում պղնձի գների նվազումը պայմանավորված է նրանով, որ պղնձի առաջարկի աճի տեմպերը ավելի մեծ են եղել (միջինը տարեկան 4-6%), քան պահանջարկի աճի տեմպերը (տարեկան 3-4%), որի արդյունքում շուկայում ձևավորվում է ավելցուկ: Այսինքն պղնձի շուկան գտնվել է ավելցուկային արտադրության և մեծ կուտակված պաշարների ճնշման տակ: Օրինակ 2012 թվ.-ի վերջին ըստ World Bureau of Metal Statistics-ի գնահատականների զտված (ռաֆինացված) պղնձի ավելցուկը կազմել է 236 հազար տոննա: Իսկ բորսաների պահեստներում կուտակված պղնձի պաշարների ամբողջ քանակը ներկայումս կազմում է մոտ 850-870 հազար տոննա, որը 2003թ.-ից հետո ամենաառավելագույն ցուցանիշն է: Նշենք, որ պղնձի առաջարկի և պահանջարկի, կամ ավելցուկի/պակասուրդի մասին ներկայացվող տվյալները և գնահատականները այնուամենայնիվ հակասական են, որոնք տրվում են տարբեր բանկերի (օրինակ Barclays Plc, Saxo Bank, Standard Bank) վերլուծական բաժինների կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Օրինակ ըստ International Copper Study Group-ի կողմից ներկայացված The World Copper Factbook 2013 զեկույցի գնահատականի շուկայում առկա է ռաֆինացված պղնձի ոչ թե ավելցուկ, այլ պակասորդ, որը 2012թ.-ին կազմել է 421 հազար տոննա, քանի որ այդ տարի ռաֆինացված պղնձի արտադրությունը կազմել է 20.1 մլն. տոննա (որից 3.6 մլն. տոննան դա երկրորդական վերամշակման արդյունք է), իսկ սպառումը՝ 20.5 մլն. տոննա: Այս գնահատականների անհամապատասխանությունը բացատրվում է պղնձի հանքաքարի, պղնձի խտանյութի, երկրորդական օգտագործված պղնձի քանակի, չզտված պղնձի և զտված պղնձի ստացման տարբեր փուլերում ծավալների հաշվարկման մեթոդաբանական բարդություններով և տարբերություններով: Միաժամանակ պղնձի ավելցուկը կամ պակասուրդը աշխարհի տարբեր տարածաշրջաններում դրսևորվում է տարբեր կերպ և այս դիֆֆերենցվածությունը նույնպես աղավաղում է իրական պատկերը: Օրինակ Չինաստանում անընդհատ նկատվում է պղնձի դեֆիցիտ, նույն ժամանակ ԵՄ-ում առկա է պրոֆիցիտ: Սակայն փաստը այն է, որ գների վրա ճնշումը պահպանվում է, ինչը հուշում է, որ այնուամենայնիվ առաջարկը գերազանցում է պահանջարկին, առավել ևս շուկայում պղնձի ավելցուկի վերաբերյալ գնահատականները գերակշռում են:

Ենթադրվում է, որ հաջորդ տարի պղնձի արտադրության ծավալները նույնպես կմեծանան Մոնղոլիայում, Չիլիում, Պերուում նոր հանքավայրերի և պղնձաձուլական հզորությունների գործարկման արդյունքում: Պահանջարկի աճ նույնպես սպասվում է, բայց ավելի ցածր տեմպերով: Համաշխարհային պահանջարկի փոքր աճը հիմնականում ապահովվում է Չինաստանի կողմից` սպասվում է, որ այս երկրում 2014թ.-ին պղնձի նկատմամբ պահանջարկը կավելանա մոտ 6-7 %-ով: Հիշեցնենք, որ պղնձի հիմնական սպառողներն են` Չինաստանը (40%), ինչպես նաև Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Հարավային Կորեան: Միաժամանակ Չինաստանը հանդիսանում է ռաֆինացված պղնձի ամենամեծ արտադրողը, որը կազմում է առաջարկի 32%-ը: Փաստորեն այս երկրի պղնձի պակասուրդը ապահովվում է ներկրման միջոցով, որն էլ պահպանում է պղնձի գները կտրուկ նվազումից: Իսկ պղնձի հանքաքարի ամենախոշոր արդյունահանողը Չիլին է, որն ապահովում է ամբողջ արդյունահանման 30%-ը, որից հետո Չինաստանը՝ 7.5% և Պերուն` 6.5% մասնաբաժիններով (2012թ.):

Նմանատիպ պատկեր է նաև մոլիբդենի շուկայում: Այստեղ նույնպես և´ արտադրության, և´ սպառման ծավալները վերջին 3 տարիների ընթացքում աճ են գրանցում և կրկին առաջարկի աճի տեմպերը մի փոքր մեծ են եղել: Մոլիբդենի գների նվազումը պայմանավորված էր Չիլիում, Չինաստանում և ԱՄՆ-ում նոր արտադրական հզորությունների գործարկմամբ: 2012թ.-ին մոլիբդենի սպառումը աշխարհում կազմել է 236 հազար, իսկ առաջարկը՝ 240 հազար տոննա, այսինքն առաջարկը գերազանցել է պահանջարկին և ավելցուկը կազմել է մոտ 4 հազար տոննա: Մոլիբդենի շուկայում նույնպես կարևորվում է Չինաստանի դերը, որը և´ խոշոր արտադրող է, և´ խոշոր սպառող: Եկող տարի սպասվում է ևս նոր նախագծերի գործարկում ամբողջ աշխարհում, որը շուկա կհանի լրացուցիչ մոլիբդենի խմբաքանակ, դա էլ իր հերթին մոլիբդենի գների ճնշման գործոն կհանդիսանա:

Տեսնենք թե որքանով է պղնձի և մոլիբդենի գների նվազումը ազդել մեր երկրի արտահանման ծավալների վրա: Համաձայն ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պղնձի հանքաքարի և խտանյութի մաքսային արտահանման արժեքը մեծացել է և կազմել 210.1 մլն. դոլլար, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի 168.4 մլն. դոլլարի փոխարեն: Ավելացման պատճառը եղել է արտահանման բնաիրային (ֆիզիկական) ծավալների մեծացումը՝ որը կազմել է 126 հազար տոննա, անցած տարվա 97.8 հազար տոննայի փոխարեն: Դրան հակառակ մի փոքր նվազել է արտահանվող ֆերոմոլիբդենի մաքսային արժեքը՝ որը կազմել է 78.7 մլն. դոլլար, նախորդ ժամանակահատվածի 81.7 մլն. դոլլարի փոխարեն, թեև այստեղ աճել է արտահանման ֆիզիկական ծավալները` կազմելով 5 հազար տոննա, նախորդ ժամանակահատվածի 4.3 հազար տոննայի փոխարեն: Նվազել է նաև չզտված (սև) պղնձի արտահանման մաքսային արժեքը 10.4%-ով, թեև աճել է ֆիզիկական ծավալը 14%-ով, կազմելով 69.5 մլն դոլլար (8.2 հազար տոննա), նախորդ ժամանակահատվածի 77.6 մլն. դոլլարի փոխարեն (7.2 հազար տոննա): Իսկ մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալները կազմել են 4.7 մլն. դոլլար (540 տոննա), նախորդ ժամանկահատվածի 6.6 մլն. դոլլարի փոխարեն (600 տոննա):

Ինչպես տեսնում ենք թեև պղնձի և մոլիբդենի գները անկում են գրանցել, սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պղնձի խտանյութի արտահանման աճ ունենք 42.1 մլն. դոլլարով, սակայն ֆերոմոլիբդենի, չզտված պղնձի և մոլիբդենի խտանյութի մաքսային արժեքների նվազում ենք ունեցել, որը գումարային կազմում է 13 մլն. դոլլար:

Պղինձ և մոլիբդեն արդյունահանող և մշակող մեր լեռնամետալուրգիական ձեռնարկությունները որքան կդիմանան այս ճնշմանը եթե գների նվազման միտումները շարունակվեն, դժվար է ասել: Չմոռանանք, որ թե´ Հայաստանում, թե´ ամբողջ աշխարհում նկատվում է մետաղական հանքաքարերի արդյունահանման և մետաղի ստացման ծախսերի աճ: Եկող տարի ենթադրվում է, որ երկու մետաղների դեպքում էլ նույն միտումները կշարունակվեն և գների էական աճ չի սպասվում: Եթե համաշխարհային տնտեսության աճի տեմպերը եկող տարի բարձր լինեն, ապա պղնձի գնանշումները նորից կհատեն 8000 $/տ սահմանագիծը, եթե ոչ կա´մ կտատանվեն 7000$/տ մերձակա տիրույթում, իսկ տնտեսական աճի դանդաղման դեպքում կիջնեն նաև 6500$/տ սահմանից:
 

Կշարունակվե՞ն պղնձի և մոլիբդենի գների նվազման միտումները հումքային բորսաներ