.jpg)
Հայ-ռուսական բանակցություններն ավարտվեցին. 12 փաստաթուղթ ստորագրվեց
ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Անդրադառնալով ստորագրված փաստաթղթերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն և նշեց.
«Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»: