.jpg)
«Ոտքի կանգնեմ, ծառայելու եմ...» Մենք կարող ենք փրկել ապագա զինվորին
20-ամյա Ներեկ Ավագյանը Ձեր օգնության կարիքն ունի: ՀՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում արված վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Նարեկի մոտ առկա է S-աձև 4-րդ աստիճանի սկոլիոզ հիվանդություն, ծռվածության անկյունը 77 աստիճան է:
«Տղային շտապ վիրահատություն է պետք: Իմպլանտը ձեռք է բերվելու արտասահմանից, որն էլ արժե 5500 դոլար: վիրահատությունը կարժենա 2000-2500 դոլար: 3-ամյա տղաս մեքենայի մեջ է եղել, երբ ուրիշ մեքենա հետևից հարվածել է: Նարեկս մեքենայի միջից 15 մետր թռել է ծովի քարերի մեջ: Բժիշկներն ասացին` ուղեղի ուժեղ ցնցում է տարել, բայց կարող է՝ մեծանա, բարդությունների առաջ կանգնի: Այնքան խառնված էինք, որ չհարցրինք, թե ինչ բարդության մասին է խոսքը»,- Aysor.am-ի հետ զրույցում հիշում է Նարեկ Ավագյանի մայրը՝ Նելլի Հակոբյանը:

Մայրն ասում է, որ Նարեկը մինչև 16 տարեկանը առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: «Բոլորն էլ տեսել են, որ երեխու ողնաշարը ուղիղ է եղել: 16 տարեկանից մեջքը հանկարծակի ծռվեց, էնպես սկսեց ծռվել, որ դեմն առնել չեղավ: Կայծակնային ծռվեց երեխես»,- պատմում է տիկին Նելլին:
«Կրծքավանդակի առաջ. պատը դեֆորմացված է, կրծքային հատվածը ծռված է, առկա է աջակողմյան կողային կուզ, շարժումները ողնաշարում սահմանափակ են, ցավոտ»,- նշված է 2011թ հետազոտությունում, մինչդեռ 2009 թ.-ին կատարված առողջական վիճակի հետազոտման ակտում ողնաշարի ծռվածությունը 63 աստիճան է, սկոլիոզ՝ 3-րդ աստիճանի: Նարեկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեվրոխիրուրգիայի բաժանմունքում:

«Հենց ոտքի կանգնեմ, ծառայելու եմ»,- ասում է Նարեկը, երբ խնդրում ենք պատմել երազանքների մասին:
«Առողջապահության նախարարությունից ասեցին՝ այդ վիրահատությունը մեր ցանկում չկա, ուզում ես հաց հավաքես, ուզում ես սոված լինես, դու քո գրպանից պետք է տաս: Իմպլանտը թանկ է, դու պիտի գնես: 4 տարվա ընթացքում էլ ուր ասես չենք գնացել, բայց ոչ մի հովանավոր չգտնվեց »,- պատմում է մայրը: Ավագյան ամուսիններն ունեն 3 երեխա` 1 աղջիկ, 2 տղա:
Նրանց փոքր որդին՝ 6-ամյա Տարոնը, նույնպես ֆիզիկական խնդիր ունի: Երեխան ի ծնե դաունի սինդրոմ ունի: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում: Աշխատում է միայն ամուսինը: Նարեկը այժմ ստանում է 13 հազար դրամ նպաստ: Նարեկի վիրահատության համար Նելլի Հակոբյանի անունով «Կոնվերս» բանկում բացված է հաշվեհամար՝ 1930026732290100, որին կարող են կատարվել հանգանակություններ: