Հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով
02/12/2013 21:03

Հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով

Հայաստանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար տեսնում են բացառապես խաղաղ միջոցներով լուծում: Այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ բանակցությունների ընթացքում անդրադարձել են ԼՂ հիմնահարցին: «ՌԴ-ն ողջունում է երկու նախագահների միջև ուղիղ շփումները»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինն ու նշեց, որ Բաքու կատարած այցի ընթացքում ևս մանրամասն քննարկել է կարգավորման հեռանկարները:

«Հաճելի է ընդգծել, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը ակնհայտ դրական բնույթ ուներ»,- նշեց ՌԴ նախագահը՝ վստահեցնելով, որ իրենք ակնկալում են կողմերի ողջամտությունն ու կարգավորման հասնելու ձգտումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամեն կերպ կաջակցեն դրան:

Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն ի վերջո ռազմատենչ հռետորաբանությունից անցնի գործի և պատերազմ սանձազերծվի, ի պատասխան Վլադիմիր Պուտինը խորհուրդ տվեց այդ մասին չխոսել: Նրա խոսքով՝ պատերազմի մասին խոսակցությունները նվազեցնում են խնդիրն այլ միջոցներով լուծելու հնարավորությունները: «Մենք կցանկանանք, որ այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ էլ հենց իրենք աշխատում են: Իսկ թե ի՞նչ կանի Ռուսաստանը հնարավոր պատերազմի դեպքում, այդ մասին Վլադիմիր Պուտինը չխոսեց՝ նշելով, որ դա կոնտրպրոդուկտիվ է: 

Հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով