ՌԴ նախագահ. Հայաստանի՝ ՄՄ-ին միանալը համատեղ պայմանավորվածություն էր
02/12/2013 20:25

ՌԴ նախագահ. Հայաստանի՝ ՄՄ-ին միանալը համատեղ պայմանավորվածություն էր

Երևանում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրուցը, որից հետո հայ-ռուսական բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Kremlin.ru-ն:

Քննարկվել են երկկողմ ստրատեգիական համագործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր, Հայաստանի` Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն անդամակցելու հեռանկարները:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները կանոնավոր և ազնիվ բնույթ են կրում»,- հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով բանակցությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

«Շատ լավ է, որ Դուք ձեր այցը սկսեցիք Գյումրիից: Սա ամենակոլորիտային քաղաքն է, և Ձեր մասնակցությունը հայ-ռուսական ֆորումին դրան ավելի բարձր նշանակություն է տվել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նաև շեշտել է, որ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի այցի կարևոր բաղադրիչ կլինի Հայաստանի անվտանգության համար:
«Անհրաժեշտություն չկա խոսել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելին են, քան ուղղակի պատմական գործընկերությունը: Դա մեր ժողովրդի պատմական կապն է»,- իր հերթին ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Գյումրի:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է. «Կցանկանանք, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն առանց զենքի, դիվանագիտության միջոցով, որպեսզի ընդունվող որոշումները լինեն ընդունելի բոլոր կողմերի համար: Որքան էլ բարդ լինեն մեզ բաժին հասած խնդիրները, պետք է դրանք լուծենք հօգուտ հասարակ մարդկանց, ովքեր ուղղակի ու փոխաբերական իմաստով աշխատում են հողի վրա»:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, ապա Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ դա համատեղ պայմանավորվածությունն է:

«Մենք հասկանում ենք Հայաստանի տնտեսության վիճակը, հասկանում ենք, որ նրան հարկավոր է համապատասխան տնտեսական «անվտանգության բարձիկ»: Հայաստանը պետք է զգա իր անձնական ուժը և ստեղծի պայմաններ հետագա զարգացման և համագործակցության համար»,- ասել է ՌԴ Նախագահը:
 

ՌԴ նախագահ. Հայաստանի՝ ՄՄ-ին միանալը համատեղ պայմանավորվածություն էր