Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը միջպետական խորհուրդ կհիմնեն
02/12/2013 20:56

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը միջպետական խորհուրդ կհիմնեն

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նախագահների մակարդակով միջպետական խորհուրդ հիմնել: Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով ՌԴ նախագահի պետական այցի մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում կընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները»:

Բացի այդ նախատեսվում է հիմնել միջպետական խորհուրդ՝ նախագահների մակարդակով: «Մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»,- ասաց հանրապետության նախագահը: 

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը միջպետական խորհուրդ կհիմնեն