.jpg)
ՀՀ և ՌԴ միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը օրակարգում է
Ռուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը և բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցող «Ռուսաստան-Հայաստան-Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում և մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձևաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք և հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր և կոնկրետ միջոցներ:
Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները և սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին»,- ասաց Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշեց նաև Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը ընդլայնելու անհրաժետության մասին:
«Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության և որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին»,- ասաց Նախագահը՝ հավելելով, որ անթույլատրելի է, որպեսզի, հայ և ռուս հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացում, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ:
«Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսևորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների և՛ ոգուն, և՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին և ժառանգությանը»,-եզրափակեց Նախագահը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր աշխատանք: