Նախագահ. Գյումրին դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշ
02/12/2013 17:07

Նախագահ. Գյումրին դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշ

Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների և երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը:

Այս մասին Գյումրիում մեկնարկած հայ-ռուսական տարածաշրջանային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դեռևս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, և քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին և իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում և պարգևատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգևանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը»,- հիշեցրեց Նախագահը:

Ըստ երկրի ղեկավարի՝ այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը:

«Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը, ով որպես բարեխիղճ մարդ, արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է և սպասում է մեզ:

Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավամբ նրան համարում են յուրային: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե որքան անձնվիրաբար նա ստանձնեց որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը, իսկ հետո նաև՝ վերականգնողական աշխատանքներն ամենածանր օրերին՝ անմիջապես այդ սարսափելի աղետից հետո: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի և միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
 

Նախագահ. Գյումրին դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշ