02/12/2013 17:20
Վարչապետ. ՄՄ մտնելու մեր որոշումը կշռադատված է և ունի ռացիոնալ հիմնավորում
Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Այս մասին այսօր Գյումրիում ընթացող «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ժամանակակից աշխարհում կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, Մաքսային միությանը միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած է Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը:
Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ, «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը:
Այս խնդիրների լուծման հնարավորությունը մենք տեսնում ենք միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու մեր որոշումը կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը դատարկ ձեռքերով չի որոշել մտնել Մաքսային միություն:
«Մենք համոզված ենք, որ կկարողանանք թարմ շունչ և նոր գաղափարներ բերել Միության աշխատանքին»,- ասել է նա: