.jpg)
Պատմություն հրաշքով փրկված շնիկի, տաք տան ու հրաշք ստեղծող մարդկանց մասին
Լինում են պատմություններ, որոնք անկախ մեր զբաղմունքից, տարիքից ու ծանրաբեռնվածությունից, ստիպում են ուղղակի ժպտալ ու հավատալ` հրաշքներ իսկապես լինում են: Նման պատմությունների մենք սովորաբար ֆիլմերում ենք ականատես լինում, բայց այս անգամ հրաշքը տեղի է ունեցել մեզ շատ մոտ` Երևան քաղաքում, Մարվել անունով շնիկի հետ…
Այս տարվա ապրիլին «Դինգո» կենդանասերների թիմի կամավորները ահազանգ ստացան Նոր Նորքում մեքենայի տակ ընկած շան մասին, շտապեցին դեպքի վայր և գտան խելացի հայացքով այս շնիկին, ում հետագայում անվանեցին Մարվել:

Շունը շատ ծանր վիճակում էր: Ինչպես կամավորներին պատմեց մոտակա կրպակի աշխատողը, դեպքը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ: Մարվելը նստած էր կրպակի դիմաց, երբ մեքենան ուղղակի անցավ նրա առջրի երկու թաթերի վրայով: Շունն այդ անօգնական վիճակում, շատ ծանր կոտրվածքներով փողոցում նստած մնաց ուղիղ մեկ շաբաթ: Ուղիղ մեկ շաբաթ բազմաթիվ մարդիկ անցնում էին նրա կողքով ու չէին փորձում գոնե ինչ-որ կերպ օգնել նրան, բայց սա արդեն այլ հարց է… Իսկ հետո` եկան «Դինգոյի» կամավորները:
Շնիկին անմիջապես զննեց բժիշկն ու պարզվեց հետևյալը` կոտրվել են Մարվելի երկու թաթերի ոսկորները, շնիկը նման կոտրվածքներով փորձել է տեղաշարժվել ու վիճակն ավելի է բարդացել:
Պետք էր որոշում կայացնել` կամ վիրահատել առանց որևէ երաշխիք ունենալու, կամ ` քնեցնել Մարվելին:
Որոշումը կայացվեց հստակ` պայքարել շնիկի համար ամեն գնով:


Մարվելը տարավ մի քանի բարդ վիրահատություն: Նա այնքան էր կորցրել չորս ոտքով քայլելու հույսը, որ սկսել էր քայլել մարդու նման` հետևի երկու ոտքով: Կամավորներին հավասար նա էլ էր պայքարում, կարծես զգում էր, թե ինչ պատմություն է իրեն սպասում:

Հետո` վերականգնողական երկար աշխատանք, ժամանակ, կամավորների հոգատարություն ու Մարվելն այսօր արդեն քայլում է չորս ոտքով, բայց սա անհավանական այս պատմության միայն սկիզբն է...

Օրերս կենդանասերների թիմի կամավորներից մեկին է դիմում մի կին` պատմելով, որ այս տարվա ապրիլին կորել է նրա շունը, իսկ ինքը շնիկին չափազանց շատ է սիրում:
Կամավորը, որևէ կասկած չունենալով, խնդրում է, որ կինն ուղղարկի շան նկարներն ու իրենք դրանց միջոցով փորձեն գտնել շանը:
Հնարավոր չէ բառերով նկարագրել այն զարմանքն ու ուրախությունը, երբ ուղարկված նկարներում կենդանասերները ճանաչում են հրաշքով փրկված իրենց Մարվելին:


«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հուզիչ պատմություններ շատ ենք ունեցել... Բայց այս մեկը թերևս կդառնա ամենահուզիչ Դինգո պատմությունը:
Այս կինը շատ պատահաբար իմանում է մեր մասին և գրում, որ դեռ ապրիլ ամսին կորցրել է իր շանը և փնտրում է մինչև հիմա: Խնդրում է մեզ օգնել գտնելու նրան:
Դե մենք էլ սովորության համաձայն խնդրում ենք, որ նկարն ուղարկի, որ տարածենք... և նա ուղարկում է շան նկարը...
Նայում ենք նկարին ու չենք հավատում մեր աչքերին... միթե դա երազ չէ՞
Նկարի մեջ նույն ինքը, մեր ՄԱՐՎԵԼՆ ԷՐ...
Թե որքան հուզվեցինք մենք, դա երևի պետք չէ նկարագրել:
Մարվելը 7 ամիս անց, այսքան տանջանքների միջով անցնելուց հետ վերագտավ իր ընտանիքը, որտեղ նա տան լիիրավ և սիրված երեխա էր:
Ու տերերի համար տարբերություն չկար, որ նա հաշմանդամ է, որ այլևս առաջվա նման չի կարող քայլել, միևնույն է նրանք առաջվա նման սիրում էին իրենց տղային»:

.jpg)
Մարվել-Սթարն ու նրան շատ սիրող ընտանիքը կրկին գտան իրար: Շնիկն արդեն հանդիպել է իրեն սիրող ու այս ընթացքում փնտրող տերերին: Հանդիպումը հուզիչ է եղել...

ՀԳ. Մենք հաճախ ենք բողոքում, որ հրաշքներ ու նման պատմություններ իրական կյանքում չեն լինում, իսկ երբևէ չե՞ք մտածել, որ հրաշքները հենց ձեր կողքին են, ուղղակի պետք է դրանք նկատել ու, միգուցե, փոքր ինչ օգնել, որ տեղի ունենան...
Իսկ միգուցե հաջորդ հրաշքը հենց հիմա մրսո՞ւմ է ձեր պատուհանի տակ կամ քանի տարի է՝ ձեր փողոցում նստած գումար է խնդրում անցորդներից ու հաստատ գոնե տաք թեյից չի հրաժարվի՞...