Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը
03/12/2013 17:05

Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը

Երկրում տեղակայված ռուսական ռազմաբազայի արդիականացումը բխում է Հայաստանի անվտանգության շահերից, և այդ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի այցը ռազմաբազա այս առումով խթանիչ դերակատարում կունենա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Վ. Սարգսյանը կարևոր և խորհրդանշական համարեց այն, որ ռուսական կողմն ընդունել էր առաջարկն ու Գյումրի այցելության շրջանակներում երկու երկրների ղեկավարները համատեղ այցելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազա:

«Այն պայմանագրով, որով երկարացվեց ռազմակայանի տեղակայումը Հայաստանում, հանվեց այն սահմանափակումը, որը կար նախկին պայմանագրում, որը նախատեսում էր, որ այդ ռազմակայանը կարող էր օգտագործվել միայն ԽՍՀՄ-ի նախկին արտաքին սահմանների երկայնքով առկա վտանգների համար: Այսինքն, ընդլայնվեց ռազմաբազայի գործունեության մանդատը: Կարծում եմ` այդ համատեսքտում մեզ համար շատ կարևոր է, որ այդ ռազմաբազան լինի շատ արդիական, շատ կարող և այնտեղ զինծառայություն անցնող զինծառայողները լինեն մարտական բարձր պատրաստվածության: Անշուշտ, գլխավոր գերագույն հրամանատարի այցելությունը միշտ ունի այդպիսի խթանիչ դերակատարում և, կարծում եմ, այն հստակ ազդակ էր բոլորին, ով կասկածի տակ է առնում հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության իրական ներուժը և ազդեցությունը տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման վրա»,- նշել է Վ. Սարգսյանը:

Հարցին, թե Վլադիմիր Պուտինի այցելությունը ռազմաբազա արդյոք հաստատումը չէ՞ր ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարության, թե Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել, Վիգեն Սարգսյանը  հիշեցրել է ՌԴ նախագահի պատասխանը, որ իր երկիրը չափազանց շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ:

«Եթե չեմ սխալվում, ՌԴ նախագահը նշեց, որ ավելի լավ է խոսել խաղաղության մասին, որովհետև պատերազմի մասին խոսելով կարող ենք միայն խթանել նրանց երևակայությունը, ով կարծում է, որ ռազմական ճանապարհը, այնուամենայնիվ, հնարավոր է այս խնդրի կարգավորման համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը և ավելացրել, որ ռուսական կողմը հաստատ տեղեկացված է այդ հայտարարությունից: