Փոստանջյան. Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր
03/12/2013 18:57

Փոստանջյան. Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր

Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման: Զավեշտ է, երբ Հայաստանի Հանրապետությունում դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը»,- ասաց Փոստանջյանը:

Մաքսային և Եվրասիական միությունների իրագործումը, ըստ Փոստանջյանի, նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի պետական կառավարման և տնտեսական մոդելի այս պայմաններում անհնար է. «Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան և իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում»,- ասաց նա և ավելացրեց, որ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:

Ամփոփելով խոսքը` խմբակցության ղեկավարը նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում նոր քաղաքակրթության ձևավորում և պայքար քաղաքակրթությունների միջև. «Պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում է գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո, որը անխուսափելիորեն գրանցելու է պարտություն, իսկ հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման դեպքում, ինչպես 20 տարի առաջ կրկին նոր բեկում մեր ժողովրդի պատմության մեջ»:

Ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արաձագանքեց. «Դրա համա՞ր էիք գնացել ձեր հաղթանակները Ռուսաստանի կայսրությունից բերելու»:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նույնպես առաջադրվել էր ընտորւթյուններին, 3 օրով մեկնել էր Մոսկվա, և ինչպես ինքն էր ասել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու համար:

Փոստանջյան. Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր