Արթուր Դավթյանը բոլոր 6 գործիքներում մտավ եզրափակիչ
04/12/2013 19:12

Արթուր Դավթյանը բոլոր 6 գործիքներում մտավ եզրափակիչ

Ռուսաստանի Դաշնությունում 90 տարի առաջ հիմնադրվել է «Դինամո» մարզական ընկերությունը: Հոբելյանական տարեդարձի առթիվ անցկացվել է օլիմպիական խաղերի կրնկակի, աշխարհի բացարձակ և Եվրոպայի վեցակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված մոսկովյան ավանդական` 20-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Աշխարհահռչակ մարմնամարզիկ Վորոնինի գավաթի խաղարկություններում ավանդաբար հանդես են գալիս հանրահայտ բազմաթիվ մարզիկներ: Այս անգամ նույնպես բացառություն չէր:

23 երկրների հեղինակությունների պայքարին տոն տվեց նաև Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր (հենացատկեր) երևանցի Արթուր Դավթյանը: Նա հանդես եկավ բազմամարտում և լիովին արդարացրեց սպասելիքները: Վեց գործիքների վրա Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ ու իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին` գրավեց պատվավոր 2-րդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց ճապոնացի անվանի մարզիկ Նաոտո Հայասակոն:

Նշենք, որ բոլոր 6 գործիքներում Արթուրը մտավ եզրափակիչ: Այս պարագայում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարմար գտավ Արթուրի ծանրաբեռնվածությունը «կիսել» և նրան թույլատրեց մասնակցել միայն հենացատկ, նժույգթափեր և օղակների վրա մրցումներին: Մարզիչը ճիշտ գտնվեց, մանավանդ, որ հենացատկերում Եվրոպայում 3-րդը ճանաչված հայ մարմնամարզիկն այս անգամ անգերազանցելի էր և վսատահորեն գրավեց առաջին տեղը:
Սա դեռ բոլորը չէ. մեր պատվիրակը 2-րդն էր նժույգթափերում և 3-րդը` օղակների վրա:

Արթուր Դավթյանը շնորհալի մարմնամարզիկ է և այդ մասին են վկայում նրա հաջողություններն օլիմպիական վարկանշային մրցաշարերում, որոնց արդյունքում նա Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, չթաքցնելով ուրախությունը, զրույցի ժամանակ նշէլ է, որ Արթուրը Ռիոյում լիովին ունակ կլինի մասնակցել օլիմպիական մեդալների համար պայքարին:

Մոսկովյան ստուգատեսի ծրագրում ընդգրկված էր նաև երիտասարդական մրցաշար: Հայաստանի միակ ներկայացուցիչ, վաստակաշատ մարզիչ Աշոտ Գասպարյանի որդի և սան Արսենը բազմամարտում եզրափակեց «հրաշալի յոթնյակը»:
 

Արթուր Դավթյանը բոլոր 6 գործիքներում մտավ եզրափակիչ