Մի մարդու պատմություն. Նարինե. Կյանքով երջանիկ կինը
04/12/2013 20:46

Մի մարդու պատմություն. Նարինե. Կյանքով երջանիկ կինը

Փոքրիկ երկհարկանի տուն` կոկիկ-սոկիկ, պատշգամբ, հարթակ, ծաղիկներ, մորենու թփեր, դեղձենիներ ու սալորենիներ, նաև` ձյուն-ձյուն նապաստակներ: Նարինեի այգին է:

Փոքրիկ արահետը այգու միջով տանում է տուն, աստիճաններն ու հարթակն է: Նարինեն ու ամուսինը խնամքով տունը վերանորոգել են, տնկել-ծաղկացրել: Փոքրիկ հյուրասենյակում նույնպես ծաղիկներ են` խնամքի մատնահետքերով:

Դպրոցը նոր էր ավարտել, երբ իմացավ հիվանդության մասին. Դժվարությամբ է խոսում. ախտորոշեցին գայլախտ, նախ լավ չհասկացավ՝ ինչ է նշանակում կամ ինչ հիվանդություն է: Երբևէ չէր լսել: Միայն գիտեր, որ ալերգիա ունի և ժամանակ առ ժամանակ բուժվում է: Ախտորոշումից հետո տարին մեկ-երկու անգամ հիվանդանոց է պառկում, սակայն հիմա չի ցանկանում հիվանդանոց գնալ. Գոհ չէ բուժանձնակազմի վերաբերմունքից:

«Հենց իմանում են պետպատվեր է, փող չեմ տալու, ընենց են վերաբերվում, որ գետինն եմ մտնում, ոնց որ մուրացիկ լինեմ: Ես գիտեմ, որ իմ համար օրական հիվանդանոցին 13 հազար դրամ է փոխանցվում. Բայց չէ, կանխիկ են ուզում»,- ասաց նա:

Հիմա էլ առողջական վիճակից բողոքներ ունի, բայց հիվանդանոց չի գնում, որոշել է գումար հավաքել ու գնալ բժշկի: Պառկած է եղել մի անգամ. Բուժանձնակազմից ասում են` էս դեղը չկա, էն դեղը չկա, վերջացել է, գնա առ, այնինչ գայլախտով հիվանդ, հաշմանդամության կարգ ունեցող անձնանց համար դեղորայքը և բուժսպասրակումն անվճար է:

«Մի անգամ խմելու դեղեր մենակ տվեցին, էն էլ խմեցի` թունավորվեցի, եսիմ ինչ դեղ էր»,- պատմում է Նարինեն:

Առաջին անգամ, երբ մայրն իմացել է, որ աղջիկը գայլախտ ունի, ցանկացել է հենց հիվանդանոցի պատուհանից ցած նետվել. Նարինեի կողքին հիվանդասենյակում պառկած կինը աղջկան բացատրում է, որ նա ոչ ամուսնանալ է կարող, ոչ հանգիստ ապրել, ոչ երեխաներ ունենալ. մեռած մարդ:

«Եթե չնեղվես, չնյարդայնանաս, կարող ես մինչև խոր ծերություն ապրել»,- հանգստացնում է բժիշկը, սակայն ոչ ոքի կյանքը կատարյալ չէ, հոգսեր ու անհանգստություններ:

Հետո Նարինեն սիրահարվում է, ամուսնանում: Միայն ամուսնուն էր հայտնի կնոջ հիվանդության մասին: Հիմա էլ Նարինեն չի ցանկանում խոսել դրա մասին, չի ցանկանում, որ իրեն խղճան, իսկ ապրածի ու չապրածի մասին միայն իրեն է հայտնի:

Շրջապատում գիտեն՝  Նարիենն ալերգիա ունի, իսկ թե ինչո՞ւ է հաշմանդամության թոշակ ստանում, պատասխանում է կատակով. «Ծերության կարգ ունեմ». Դեռ 38 տարեկան է:

17-18 տարեկան էր, կարողացավ երեխա ունենալ` մինուճար, տղան այժմ բանակում է, շուտով կգա, երկրորդ փորձն անհաջող էր: 

Նարինեն ենթադրում է, որ հիվանդությունը վախից է առաջացել, հայրը խմում էր ու կռիվ սարքում, դանակով վախեցնում, կամ գիշերով հանկարծակիի բերում, դռներն ու պատուհանները կոտրում. Անգամ փորձել է տունը հրդեհել. Վախեր ու սթրեսներ, որոնք ըստ Նարինեի, դարձան իր հիվանդության պատճառը: «Մինչև հիմա էլ եթե հանկարծակի դուրս են գալիս դեմս` վախենում եմ»:

Հորից նաև դրականն է հիշում, մայրը չէր ցանկացել իրեն ունենալ, հայրն էր պաշտապնել դեռևս չծնված երեխային, ու ծնվելուց շուրջ մեկ տարի տանը խաղաղություն է եղել. հայրը չի խմել, կռիվ-աղմուկ չի սարքել, սակայն մեկ տարի անց՝ ամեն ինչ ավարտվել էր: «Խաղաղության աղավնի» մայրն այսպես է հիշում այդ մեկ տարին:

Նարինեն լարված պատմում է, թեթև կարմրել է. Բառերը էլեկտրասրտագրության սարք են հիշեցնում` թռչկոտում է վերև-ներքև ու դառնությունն է մատնում, թե ինչերի միջով է անցել և ինչ արժե նման արտաքուստ հանգիստ ու խաղաղ կյանքը: Երջանկությունն իր գինն ունի` իր տունն է անգամ շրջանակել երջանկությամբ, բայց դառը կորիզահատ կա արտաքուտ խաղաղ կյանքում:

«Ինձ միշտ թվացել է, թե հետո այնքան լավ է լինելու, ինձ թվում է՝  ամեն ինչ ժամանակավոր բան է, պետք է հաղթահարել»,- ասաց նա:

Միշտ էլ աշխատել է, իհարկե՝ ոչ լարված. Լարվածությունից թուլանում է, անգամ Ռուսաստանում է աշխատել, եղել է Չելյաբինսկում, Կրասնոդարում, տղան սովորում էր, վարձը պետք էր վճարել, ինքն էլ ստիպված աշխատում է:

Տղան շուտով բանակից կգա, արդեն նախապատրաստվում է, մեծ հույսեր է կապում տղայի հետ:  Նարինեն երջանիկ է, լավ տանտիկին, աշխատասեր, օգնում է` հարկ եղած դեպքում, սեր է կաթ-կաթ` մերձավորիների համար: Իսկ ինչ արժե նման «գայլի» հետ կյանքը` Նարինեն ոչ բոլորին է պատմում: Միայն հավատում է՝  տղան բանակից կգա, ու ամեն ինչ լավ է լինելու:

Նախորդող հրապարակումներ՝ Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը:

Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց