Նախարար. Կամ պետք է 155 մլնը «քյաշ» վճարեինք, կամ ինչ որ ձևով մարեինք
04/12/2013 18:20

Նախարար. Կամ պետք է 155 մլնը «քյաշ» վճարեինք, կամ ինչ որ ձևով մարեինք

«Գազի գնի բարձրացման հետ կապված հարցերը սկսվել են 2011-ին, Երբ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ նաև Հայաստանի գազի գները պետք է բարձրացվեն: Այդ ժամանակ մենք կարողացանք ռուսական կողմի հետ բանակցել, որ Հայաստանին սահմանի վրա գազը վաճառվի 189 դոլարով՝ մինչև բանակցությունները կավարտվեն և ավարտին արդեն որոշված կլինի գինը»,- ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Շարունակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ բանակցությունները շարունակվել են մինչև հիմա. «Արդյունքում՝ հասանք նրան, որ գազի գինը կլինի 189 դոլար և երեսուն տոկոս մաքսատուրքերից Հայաստանը ազատվում է: Այսինքն՝ առաջիկա հինգ տարիների համար այդ թիվը կազմում է շուրջ ութ հարյուր մլն դոլար: 2011-ից սկսած՝ պարտքը, վնասը, որն առաջացերլ էր 189 դոլարի պատճառով, կազմում է մոտ 300 մլն դոլար: Մեր պայմանավորվածության համաձայն՝ պարտքի մի մասը մենք ենք փակում, կեսը՝ իրենք: Ստացվում է, որ 2011-18 թթ ռուսական կողմի վրա այդ բեռը կնստի շուրջ 1.1 մլրդ դոլար, որից առ այսօր գոյացած պարտքի կեսը՝ 155 մլնը, Հայաստանը կվճարի: Ի՞նչ է ստացվում՝ կամ պետք է այդ 155 մլնը «քյաշ» փողով վճարեինք, կամ ինչ որ ձևով մարեինք»,- մանրամասնեց նախարարը:

«ՀայՌուսգազարդը» ունի տարեկան 35 մլն դոլար շահույթ, իսկ նման շահույթ ունեցող ընկերության գինը չի կարող լինել մեկ կամ երկու մլրդ, ինչպես ներկայացվում է, քանի որ հաշվարկներում ավելի ցածր թիվ է ստացվում: Ռուսական կողմի հետ մեր պայմանավորվածության արդյունքում որոշել ենք 155 մլնը՝ էլի հօգուտ մեզ: Ստացվում է, որ առաջացած պարտքի կեսը մարում ենք մենք, կեսը՝ իրենք»,- հայտարարեց նախարարը:

Ա. Մովսիսյանի պատասխանը, սակայն, չբավարարեց Արամ Մանուկյանին, և նա հստակեցրեց. «Այս տարվա կուտակած պարտքը որքան գումար է կազմում և ի՞նչ մեթոդով է հաշվվել»:

Պարտքը, ի պատասխան ասաց նախարարը, գոյացել է ոչ թե «ՀայՌուսգազարդի» անշնորք աշխատանքի պատճառով, այլ՝ կառավարությունը փորձել է մեղմացնել Հայաստանի ժողովրդի տնտեսության վիճակը՝ կապված գազի գնի հետ. «Իսկ թե հիմա դա ինչպե՞ս, ո՞ւմ գրպանից պետք է վճարել, պարզ է կառավարությունն է որոշելու, ուրեմն կառավարության գրպանից»: 

Նախարար. Կամ պետք է 155 մլնը «քյաշ» վճարեինք, կամ ինչ որ ձևով մարեինք