Ադրբեջանը դարձյալ աղավաղում է Արցախի պատմությունը. Արգենտինայում ցույց է
06/12/2013 21:19

Ադրբեջանը դարձյալ աղավաղում է Արցախի պատմությունը. Արգենտինայում ցույց է

Արգենտինայի հայ երիտասարդությունը Բուենոս Այրեսում երթի էր դուրս եկել պայքարելու ադրբեջանցիների կողմից նկարահանված` ԼՂՀ պատմությունը աղավաղող ֆիլմի ցուցադրման դեմ: Միջոցառումը կազմակերպվել էր Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան և «Equilibrium Global» մեդիա ընկերության կողմից, ասվում է ամերիկյան «Ասբարեզ»  ակումբի հոդվածում:

«Երթի կազմակերպիչները՝ Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության անդամները, հիշեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասիստական և այլատյացությամբ լի խոսքերը այն մասին, որ «իրենց գլխավոր թշնամիները ամբողջ աշխարհի հայերն են և նրանց ազդեցության տակ գտնվող կոռումպացված և երեսպաշտ քաղաքական գործիչները»:

Կազմակերպիչները նշեցին, որ եթե ելնենք Ադրբեջանի տրամաբանությունից, ապա ստացվում է, որ Արգենտինայի նախկին նախագահներ Ռաուլ Ալֆոնսինը, ով ճանաչել էր հայոց ցեղասպանությունը, և Նեսթոր Կիրշները, ով հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրենք էր ընդունել, «հայերի ազդեցության տակ գտնվող կոռումպացված, երեսպաշտ քաղաքական գործիչներ են եղել»,- ասված է հոդվածում:

Ըստ հոդվածի` ցուցարարները նաև դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված «սև ցուցակը», որտեղ հայտնվում են այն բոլոր մարդիկ, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Երթի մասնակիցները հատկապես քննադատել են «գիտնական» Պաուլո Բոտային, ով կրկնում է Թուքիայի կողմից հորինված պատմությունները, և լրագրող, «Equilibrium Global»-ի ղեկավար Դիեգո Վելասկեսին, ով էլ իր հերթին տարածում է ադրբեջանական ստերը:

Երթի կազմակերպիչները շեշտել են, որ յուրաքանչյուր ոք, ով մեղսակից է ադրբեջանական հանցավոր արարքներին և ստերին, կդատապարտվի ոչ միայն հայկական համայնքի, այլև ամբողջ աշխարհի՝ մարդու իրավունքների պաշտպանների կողմից:

Ինչպես նշվում է նյութում, երթից հետո Ադրբեջանը շարունակել է ստեր տարածել ԶԼՄ-ներում, հայտարարելով, որ «Արգենտինայի հայկական համայնքը փորձում էր խափանել ֆիլմի ցուցադրումը, և իրավապաշտպան մարմինների միջամտելուց հետո միայն դադարեցրեց գործողությունները»:

Միևնույն ժամանակ երթի կազմակերպիչները հայտարարել են, որ դա խաղաղ հավաք էր, և նրանք չեն փորձել խափանել ֆիլմի ցուցադրությունը: Փոխարենը, հարևանությամբ ապրող բազմաթիվ մարդիկ իրենց համաձայնությունն են հայտնել հավաքին: Ֆիլմը դիտելու եկած հյուրերից շատերն էլ կազմակերպիչներից տեղեկացել են Ղարաբաղի իրական պատմության մասին, և նրանցից ոմանք նույնիսկ նախընտրել են չդիտել ֆիլմը:
 

Ադրբեջանը դարձյալ աղավաղում է Արցախի պատմությունը. Արգենտինայում ցույց է