ԿԸՀ. Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև վաղը
06/12/2013 19:50

ԿԸՀ. Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև վաղը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրող աշխատանքային խումբը 2013թ. դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպում են ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հասարակական քննարկումներ` քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ մամուլի ծառայությունից: 

Հանրային քննարկումներն անց են կացվում «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում` ԵՄ ֆինանսավորմամբ:

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և աշխատանքային խումբը հանդիպել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերում են ընտրողների գրանցմանը, ընտրացուցակների կազմմանը և հրապարակմանը, նախընտրական քարոզչությանը և քարոզչության ֆինանսավորմանը, լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների լուսաբանմանը, ընտրական վեճերի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելությունների իրականացմանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընտրական օրենսդրության ու ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները:

Նշենք, որ վաղը քննարկումներին մասնակցելու են նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Քննարկումը տեղի կունենա «Անի Պլազա» հյուրանոցում: 

ԿԸՀ. Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև վաղը