.jpg)
Շարմազանովը հիշեցնում է Մամեդյարովին, թե ով է իրական օկուպանտը
«Տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք է այն կողմը, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հելսինկյան հիմնարար սկզբունքներից առանձնացնում է միայն մեկը, և դա հայկական կողմը չէ: Եթե խոսելու լինենք օկուպացիայի մասին, ապա հենց Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները. խոսքը վերաբերում է Գետաշենին, Մարտունաշենին և Շահումյանին»,- Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ երեկ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը հանդես է գալիս ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի հիման վրա լուծելու օգտին: «Տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է Ադրբեջանի տարածքում: Հակամարտության գոտու ապառազմականացումը թույլ կտա ամրապնդել փոխվստահությունը և թուլացնել լարվածությունը տարածաշրջանում»,- հայտարարել էր նա:
Է. Շարմազանովը նաև անդրադարձավ Մամեդյարովի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևերի վկայակոչմանը. «Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դրանք ընդունվել են 90-ական թվականների սկզբին և նպատակ ունեին հրադադարի ռեժիմ հաստատել կողմերի միջև. Հակամարտության կարգավորման ներկա փուլում ՄԱԿ ԱԽ բանաձևերի վկայակոչումը նպատակահարմար չէ: Այժմ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման վրա, և դրանցից միայն մեկն առանձնացնելն անընդունելի է, դրան է հանգում նաև միջազգային հանրությունը»,- եզրափակեց Շարմազանովը: