Սիրիան գերտերությունների շահերի զոհ. Երկրում հումանիտար աղետ է
09/12/2013 19:04

Սիրիան գերտերությունների շահերի զոհ. Երկրում հումանիտար աղետ է

ՄԱԿ-ի այսօր հրապարակված տվյալների համաձայն Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների հետևանքով ավիրվել է երկրի հիվանդոցների 60%-ը, ինչի հետևանքով բժիշկները չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին:

Սիրիայում իսկական հումանիտար աղետ է, որի հաղթահարման համար տասնամյակներ կպահանջվեն: ՄԱԿ-ի տեղեկություններով, սիրիացի փախստականների թիվը այս պահին հասնում է 9.5 միլիոնի, իսկ հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 100.000-ը:

Պատկերի ողջ լրջությունը ամբողջացնում է բրիտանական «Oxford Research Group» կազմակերպության հրապակած տվյալները, ըստ որոնց, սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 11.420 երեխա:

Սիրիայում այս պահին ընթացող դաժան մարտերի հետևում կանգնած են տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների շահերը, որոնք երբեմնի ծաղկուն արաբական երկիրը վերածել են փլատակների:

Մի կողմից, Արևմուտքը փորձում է տապալել նախագահ Բաշար Ասադին, օգտագործելով իր տարածաշրջանային դաշնակիցներին՝ Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին: Վերջիններս զինելով և աջակցելով Ասադի դեմ պայքարող «Սիրիայի ազատ բանակին», իսլամիստական տարբեր խմբավորումներին, որոնք սերտաճած են ահաբեկչական «Ալ-Քաիդային», փորձում են թուլացնել Իրանի տարածաշրջանային դիրքերը Մերձավոր Արևելքում՝ սունի-շիա հակամարտությունը տեղափոխելով «սիրիական թատերաբեմ»:

Սիրիան հանդիսանալով Իրանի տարածաշրջանային դաշնակիցը և Լիբանանում գտնվող «Հզբոլահ» շիական կազմակերպության և Թեհրանի միջև կապող օղակ, օգտագործում է Իրանի ռազմաքաղաքական աջակցությունը: Պատահական չէ, որ Իրանը բոլոր մակարդակներով կոչ էր անում զերծ մնալ Սիրիա ռազմական ներխուժումից, դրան զուգահեռ դրդելով «Հզբոլահին» ներգրավվել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին, ինչի հետևանքով հակամարտության ամենաթեժ պահին կշեռքի նժարը թեքվեց դեպի ասադամետ ուժերը և Ասադի ալևիների կլանը չտապալվեց:

Սիրիայի տարածաշրջանից դուրս գտնվող մեկ այլ դաշնակից՝Ռուսաստանը դիվանագիտական հսկայական աշխատանքներ իրականացրեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակելով Սիրիա ռազմական ներխուժման բանաձևերը և բանակցությունների միջոցով հորդորել ԱՄՆ-ին զերծ մնալ ռազմական ներխուժումից: Դրա դիմաց, Սիրիան պարտավորվեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները և քիմիական զենքը չկիրառել խաղաղ բնակչության նկատմամբ:

Այսպիսով, սիրիական թնջուկի ցանկացած հանգուցալուծման դեպքում Սիրիան այլևս չի ունենալու նախկին քաղաքական, ռազմական և ամենակարևորը տնտեսական հզորությունը:

Սիրիական քաղաքները, բնակավայրերը վերածվել են փլատակների, Ասադի կողմնակիցները և Ասադի հակառակորդները միմյանց թշնամաբար են վերաբերվում, այսինքն՝ սիրիական հասարակությունը պառակտվել է, բացի այդ, առկա է իրական վտանգ՝Սիրիայի մասնատման համար:

Չպետք է մոռանալ, որ այս պահին Սիրիայի հյուսիսում աստիճանաբար ձևավորվում է Քրդական ինքնավարությունը: Մյուս կողմից, միլիոնավոր մարդիկ, այդ թվում ծաղկուն սիրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան փախստական: Նրանց մի մասը ապաստան գտավ Հայաստանում և այժմ փորձում է ինտեգրվել հասարակության մեջ:

Սիրիական հակամարտության հետևանքով տուժել են հայկական եկեղեցիները, համայնքային կառույցները՝ դպրոցները, վարժարաններ: Հետպատերազմական Սիրիան հավանաբար առաջիկա տասնամյակներին կնմանվի Իրաքին, որտեղ շարունակվում է շիա-սունի, սունիների քրդերի միջև հակամարտությունը, այսինքն բոլորի պատերազմը՝ բոլորի դեմ՝ «война всех против всех», ինչը Մերձավոր Արևելքի հանգուցային աշխարհաքաղաքական կետում գտնվող Սիրիային կվերածի ողջ տարածաշրջանի «թեժ կետի»:

ԵՄ-ը էլ իր հերթին է «քաղելու» սիրիական հակամարտության պտուղները, քանի որ, ըստ հրապարակված տվյալների, Սիրիայում իսլամիստական դրոշի տակ Ասադի դեմ պատերազմում է ԵՄ-ի 11 երկրի ներկայացուցիչ, որոնք Սիրիայում պատերազմի ավարտից հետո վերադառնալու են ԵՄ, ինչը հնարավոր է հանգեցնի ահաբեկչությունների, իսլամիստական ծայրահեղականության աճին:

Սիրիան գերտերությունների շահերի զոհ. Երկրում հումանիտար աղետ է