Տարածաշրջանային բլոգ. Արևմուտքը նախազգուշացնում է Թուրքիային
10/12/2013 21:15

Տարածաշրջանային բլոգ. Արևմուտքը նախազգուշացնում է Թուրքիային

Վերջին երկու ամիսներին արևմտյան մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ հանդես եկան բացահայտ հակաթուրքական հրապարակումներով, որոնց թիրախում թուրքական իշխանությունների, մասնավորապես՝ թուրքական հատուկ ծառայությունների դերակատարությունն է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներում, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի շրջանակներում. ակնհայտ է՝ Արևմուտքին առնվազն ակնահաճո չէ Անկարայի ինքնուրույն խաղը մերձավորարևելյան տարածաշրջանում, և հատկապես այն դեպքում, երբ այդ «խաղն» իրականացվում է կանոնների անթույլատրելի խախտումներով:

Ըստ ժամանակագրության: Նախ ամերիկյան «The Washington Post» պարբերականում հոկտեմբերի 17-ին լույս տեսած հրապարակման (հայկական ծագում ունեցող լրագրող Դևիդ Իգնատիուսի հեղինակությամբ) համաձայն՝ իրանական հակահետախուզական ծառայություններին ավելի վաղ Իրանում բացահայտված իսրայելական «Մոսադի» գործակալական ցանցի վերաբերյալ տեղեկությունը հաղորդվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից (MIT):

Իրականում իսրայելական հետախուզական ցանցի բացահայտման և հենց տվյալ ժամանակամիջոցին ամերիկյան պարբերականում լույս տեսած հրապարակման ուղղակի հետևանքները գնահատելու համար պետք է շարժվել պատճառահետևանքային կապի տրամաբանությամբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների հարթությունից: Այս տեսանկյունից՝ նախ և առաջ «լրտեսական ցանցի» բացահայտումից, հիրավի, զգալի վնաս հասցվեց իսրայելական հետախուզական ենթակառույցներին ԻԻՀ-ի տարածքում: Մինչդեռ երկարաժամկետ հեռանկարով՝ հատուկ ծառայությունների միջև ծագած սկանդալից շատ ավելի տուժում է հենց թուրքական կողմը. այս առումով, թուրքական «MIT»-ի նման քայլն աննախադեպ էր:

Բանն այն է, որ հատուկ ծառայությունների միջև փոխհարաբերություններում գործում են չգրված կանոններ, և անգամ ամենալարված ու սառը միջպետական հարաբերությունների պայմաններում ընդունված կարգ է` պահպանել հետախուզական կապերը. թուրքական կողմից տեղեկատվության արտահոսքը իրանցի գործընկերներին կոպտորեն խախտում է ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության սկզբունքները: Փաստորեն ամերիկյան պարբերականի հրապարակմամբ՝ լուրջ վնաս է հասցվում Անկարայի հանդեպ վստահությանը, Թուրքիայի միջազգային իմիջին:

Հաջորդ երկու հրապարակումները ևս, ըստ էության կապված են թուրքական հատուկ ծառայությունների գործունեության հետ:

Նախ՝ բրիտանական «The Daily Telegraph» պարբերականում հոկտեմբերի 30-ին թողարկված հրապարակման շրջանակներում նշվում է, որ օտարերկրյա ջիհադականները Սիրիայի տարածք են ներթափանցում Թուրքիայի տարածքով: Հետապնդումից խուսափելու նպատակով զինյալները որոշ ժամանակ բնակվում են Թուրքիայի հարավում վարձակալված «Ալ-Կաիդայի» գաղտնի ապաստարաններում. զինյալների հետ անցկացվող որոշ աշխատանքներից հետո՝ թուրք-սիրիական սահմանով նրանք ուղարկվում են Սիրիայի տարածք:

Դեկտեմբերի 7-ին գրեթե նույնաբովանդակ հրապարակում էր լույս տեսել նաև բրիտանական «BBC» լրատվամիջոցի կայքում, որտեղ, նշվում է, որ մասնավորապես մի շարք եվրոպական երկրներից սիրիական ճգնաժամին մասնակցելու համար տարածաշրջան ժամանող օտարերկրացի ջիհադականները բնակվում են Թուրքիայի հարավում գտնվող հատուկ բնակարաններում, որտեղ նրանք մի քանի օր անցկացնելուց հետո հատում են սահմանը, մասնակցում ռազմական գործողություններին, ապա՝ նորից վերադառնում Թուրքիա, իսկ այնտեղից՝ իրենց երկրներ:

Վերջին հրապարակման մեջ հեղինակի պատրաստած հարցազրույցի շրջանակներում՝ Ֆրանսիայից եկած ջիհադականը նշել է, թե իրենց թիվը հաշվվում է հազարներով, և «բոլորն ալ Կաիդայից են»: Վերջին երկու հրապարակումների հիմանական մեսիջը հետևյալն է՝ Անկարան աջակցում է «Ալ Կաիդային»:

Թուրքիան հակաասադյան դաշինքի առանցքային մասնակիցներից մեկն է և ի սկզբանե թե՛ բարձրագույն իշխանական օղակների, թե՛ հատուկ ծառայությունների մակարդակով աջակցել է բոլոր այն ուժերին, որոնք հանդես են եկել սիրիական իշխանությունների դեմ: Պետք է փաստել, որ սեփական շահերի առաջնայնությամբ (այդ թվում՝ Սիրիայում հաստատել հնարավորինս լոյալ վարչակարգ և ամեն կերպ բացառել այդ երկրում քրդական ինքնուրույն միավորի ձևավորումը) կառուցված քաղաքականությունը հանգեցրեց այն իրողությանը, որ փաստացի առկա քրդական ինքնավարության կողքին՝ որպես հակառակորդ՝ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում ստեղծվեցին իսլամական ծայրահեղական, այդ թվում՝ «Ալ-Կաիդայի» գաղափարները դավանող, անգամ նրան ներկայացնող խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներ. մեկ անգամ չէ, որ նման կառույցները ահաբեկչական գործողություններով են սպառնացել նաև հենց թուրքական իշխանություններին:

Ավելին, իրենց արտաքին քաղաքականության շրջանակներում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը գերակա ուղղություն հռչակած մի շարք արևմտյան պետություններում Սիրիա մեկնելու և ջիհադական պայքարին մասնակցելու գաղափարն ու հնարավորությունները վերածվել են գերնպատակի, անգամ ոչ մուսուլմանների համար:

Ակնհայտ է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներում իր ուրույն տեղն ունի տեղեկատվաքարոզչական հարթությունը, և պետությունները նաև իրենց արտաքին քաղաքական ուղեգծերը կյանքի կոչելիս օգտագործում են ԶԼՄ-ների ընձեռած հնարավորությունները, նման բովանդադակությամբ հրապարակումները հստակ նպատակաուղղված միտումներ ունեն: Տվյալ դեպքում՝ դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին սիրիական հիմնախնդրի հարցում Արևմուտքի դիրքորոշման փոփոխության և դիվանագիտական գործընթացների առաջնայնության պարագայում, երբ Թուրքիան չշտապեց ադեկվատ կերպով արձագանքել գործընթացներին, և նոր թափով շարունակեց նախկին գործելաոճը:

Հետևաբար, կարելի է ենթադրել՝ նմանօրինակ հրապարակումներով Արևմուտքը տեղեկատվաքարոզչական միջոցներով նախազգուշացնում է Թուրքիային՝ սեփական «խաղի» վտանգավորության և հնարավոր սպառնալիքների մասին:
 

Տարածաշրջանային բլոգ. Արևմուտքը նախազգուշացնում է Թուրքիային