«2013թ.-ը Ադրբեջանում լրագրողների համար խոշտանգումներով լի տարի էր»
10/12/2013 17:37

«2013թ.-ը Ադրբեջանում լրագրողների համար խոշտանգումներով լի տարի էր»

Ըստ մարդու իրավունքների պաշտպանների և ադրբեջանական ընդդիմության` 2013թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ավելի մեծ թվաքանակ է գրանցվել, քան անցած տարիների ընթացքում: Այս մասին ասվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) կայքում տեղադրված Իդրակ Աբասովի հոդվածում:

Ինչպես նշում է հեղինակը, 2013թ.-ին Ադրբեջանում մեծ թվով լրագրողներ, ընդդմության ներկայացուցիչներ և ցուցարարներ են ձերբակալվել:

Ըստ «Human Rights Watch»-ի և «Amnesty International»-ի` 2013թ.-ը Ադրբեջանում լրագրողների համար խոշտանգումներով լի տարի էր. բազմաթիվ լրագրողներ են ձերբակալվել, ընդ որում տարվա ընթացքում լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար ոչ ոք չի պատժվել, ասվում է հոդվածում: 

Հեղինակը հավելում է, որ անցնող տարին Ադրբեջանում լի էր ցույցերով և հանրահավաքներով, որոնք սկսվել էին դեռ հունվարին, երբ բազմաթիվ մարդիկ իրենց բողոքն էին հայտնում բանակում զինվորների մահացության դեպքերի դեմ: Բողոքի մասնակիցների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, որոնք շարունակվում են մինչ օրս:

«Այս դատավարություններին ԶԼՄ-ների մուտքը արգելված է: Ոչ մի դիտորդի չեն թողնում ներկա գտնվել դատավարություններին: Դատավորներն էլ, իրենց հերթին, մերժում են պաշտպանների բոլոր դիմումները»,- ասել էր «Human Rights Club»-ի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը:

«Նախքան ընտրությունները, ինչպես նաև ընտրություններից հետո, Ադրբեջանի քաղաքացիները զրկված են եղել հավաքներ անցկացնելու իրենց իրավունքից: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաների ենթարկվել են կառավարության հալածանքներին»,- ասել է «Study of Democracy Group»,-ի տնօրեն Միրալիմ Հուսեյնովը:

«Այս հալածանքները լայնատարած են, շատ դժվար է ասել, թե ինչ աստիճանի վատ է ներկա իրավիճակը»,- նշել է «Amnesty Europe and Central Asia»,-ի տնօրեն Ջոն Դայհունսելը:

Ըստ ընդդիմադիր Հասանլիի՝ «Ադրբեջանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չենք ունեցել: Նրանց թիվը անցնում է 140-ից»:

Այնուամենայնիվ, այսպիսի սահմանափակումները նորություն չեն Ադրբեջանում, ամփոփում է հեղինակը:

 

 

«2013թ.-ը Ադրբեջանում լրագրողների համար խոշտանգումներով լի տարի էր»