Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին
10/12/2013 19:58

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Լատվիայի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաև արտգործնախարարության աջակցությունն է հայտնել դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Գավելեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ընդգծել է, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը և հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային խնդիրներ:

 

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին