ՀԽ-ն առաջարկում է կենսաթոշակային օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրել
10/12/2013 18:41

ՀԽ-ն առաջարկում է կենսաթոշակային օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:

 

Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն օրենքում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Խիստ մտահոգություն հայտնելով օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, միաժամանակ բարձր գնահատելով այն դրական միտումները, որ ընկած են քննարկվող օրենքի հիմքում, ինչպես նաև ՀՀ Նախագահի որդեգրած սկզբունքը, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը՝ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, որտեղ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ:

Նախորդող հրապարակումներ՝ ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ

Ա. Մինասյան. Մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից

«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ

ՀԽ-ն առաջարկում է կենսաթոշակային օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրել