Երկու ձկնաբուծարան ներդնելու է կիսափակ շրջապտույտի համակարգ
10/12/2013 20:49

Երկու ձկնաբուծարան ներդնելու է կիսափակ շրջապտույտի համակարգ

Արարատի մարզում գործող երկու ձկնաբուծարան` «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.»,  ջրի խնայողության նպատակով ցանկություն են հայտնել ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով համակարգեր: Այսօր ձկնաբուծարաններ էր այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Aysor.am-ի հետ զրույցում «Էկոֆիշ Թրեյդ» ձկնաբուծարանի գործադիր տնօրեն Լեոնարդ Կարապետյանը նշեց, որ այժմ ուսուամնասիրում են կիսափակ և փակ շրջապտույտով համակարգերը, իսկ տեղադրման համար դեռևս ընդհանուր եզրահանգման չեն եկել: Նա վստահեցրեց, որ համակարգերից մեկը շուտափույթ ներդրվելու է արտադրությունում:

«Էկոֆիշ Թրեյդն» վայրկյանում օգտագործում է  630 լիտր ջուր, այն հանում են 90 մետր խորությունից, ընկերությունը ջրաչափ տեղադրել է: Ընկերությունն այժմ էլ ջուրը մինչև բաց թողնելը երեք անգամ է օգտագործում, ունի 18.6 հա տարածք, որից ջրայինը` 4.5 հա է:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս Արարատյան դաշտավայրում օգտագործում են մեկ մլրդ 800 մլն խմ ընդերքի ջուր, որի 65 տոկոսը ձկնարդյունաբերության նպատակով, իսկ վերականգնվող ծավալները` մեկ մլրդ 226 մլն խմ է:

ԳՆ պաշտոնյան չբացառեց, որ մեկ-երկու տարի հետո, եթե բոլոր ձկնաբուծարանները չներդնեն կիսափակ կամ փակ շրջապտույտով համակարգեր, կառավարությունը նախ ժամանակ կտա, իսկ հետո որոշակի քայլեր կձեռնարկի, քանի որ գյուղեր կան, որոնք ոռոգման և խմելու ջրի խնդիր ունեն:

«Բոլոր դեպքերում, գյուղի սոցիալական կարիքներն ավելի կարևոր է պետության համար, քան ձկնաբուծարանների շահերը»,- շեշտեց Աշոտ Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հայաստանում է գերմանական E.M.F-ի ներկայացուցիչը, նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական` «Բիոմար» ընկերության փորձագետները. մշակվել է ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր:
 

Երկու ձկնաբուծարան ներդնելու է կիսափակ շրջապտույտի համակարգ