.jpg)
Սյուզի Կենտիկյան. «Զրպարտչին դատի եմ տալու: Նա պիտի պատասխան տա». aravot.am
Համացանցում օրերս լուրեր էին տարածվել, որ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ապրում է չեչենի հետ, ընդունել է նրանց կրոնը և նրան Համբուրգում ոչ ոք չի հարգում: Միևնույն ժամանակ կոչ էր արվում մոռանալ նրան՝ ծախված լինելու պատճառով: Aravot.am-ը այս մասին զրուցել է բռնցկամարտիկի հետ:
Սյուզի: Շնորհավորում ենք ռինգում հերթական հաղթանակդ, որով կրկին ուրախացրիր բազմահազար երկրպագուներիդ:
- Շնորհակալություն: Բայց տեսնում եմ, որ իմ հաղթանակները Հայաստանում ոչ բոլորի սրտով են: Համացանցում իմ հասցեին մի զրպարտություն կարդացի, որից խիստ վրդովվել եմ ու տեղս չեմ գտնում: Չեմ հասկանում, թե ո՞վ է այդ անձնավորությունը, որ որոշել է կեղտոտ միջոցներով վիրավորել արժանապատվությունս` գրելով իբր ապրում եմ չեչենի հետ ու ընդունել նրանց կրոնը: Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա մի բան քաջ գիտակցել է. իր արածը դասական զրպարտության օրինակ է: Դրա համար էլ վախեցել է հերյուրանքի տակ իր իսկական անուն- ազգանունը դնել: Բայց ուզում եմ, որ այդ մարդուկը իմանա. ես սա անպատասխան չեմ թողնի: Հիմա հարազատներիս ու մտերիմներիս հետ զբաղված ենք փաստաբան վարձելով, հայտնաբերել նրան ու դատի տալ: Նա պիտի պատասխան տա արժանապատվությունս վիրավորելու համար: Ես ցանկանում էի հաղթանակից հետո գալ Հայաստան և առաջին անգամ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշել հարազատներիս հետ: Բայց այնքան եմ վիրավորված, որ մտադրությունս փոխել եմ: Այ, երբ այդ սրիկային կգտնեմ, ինչով արդեն զբաղվողներ կան, անպայման կգամ: Ես Գերմանիայում տարբեր ազգերի ու հավատքի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն օր շփվում ենք: Ես նրանց եմ սիրում, նրանք` ինձ: Ինչ է, պիտի գրեն, թե ես բոլորի հետ էլ ամուսնացա՞ծ եմ: Մեր պրոումոթերական ընկերությունում թուրքեր էլ կան, որոնք ինձ պաշտպան են կանգնում, եթե որևէ մեկը փորձել է ինձ նեղացնել:
- Քանի որ շոշափվել է քո ամուսնության թեման, երկրպագուներիդ ասա` ընտրած տղա ունե՞ս:
- Նախ, եթե ամուսնացած լինեի, հաստատ երևանաբնակ իմ հարազատները ներկա կլինեին ու Հայաստանում կիմանային: Հիմա ես ամուսնանալու մասին անգամ մտածելու ժամանակ չունեմ: Ամբողջովին զբաղված եմ իմ մարզական կարիերայով, պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող չկատարել: Ամուսնանալ, իհարկե, ուզում եմ: Ո՞ր մի աղջիկը չի ուզում: Բայց ամեն բան իր ժամանակն ունի: Երբ ամուսնանալու հերթը գա, բոլորը կիմանան: Իհարկե, կուզեմ, որ ապագա ամուսինս հայ լինի: Իսկ եթե սիրեմ այլազգիի, անպայման` քրիստոնյայի: Կարևորը, որ սիրտդ կպչի, դու նրան սիրես, ինքը` քեզ: Իսկապես, շատ վիրավորված եմ: Երբեք մտքովս չէր անցնի, որ իմ հետ այդպես կվարվեն, համարյա դավաճան կդարձնեն: Եվ դա այն դեպքում, որ բնակվելով Գերմանիայում, ուզում եմ ինչ-որ ձևով օգտակար լինել Հայաստանի հայերին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: