.jpg)
Ուկրաինայի նախկին նախագահները առաջարկել են ցրել երկրի կառավարությունը
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը և նախկին նախագահ Լեոնիդ Կուչման գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ճգնաժամից դուրս գալու ելք են առաջարկել: Ըստ նրանց՝ դա կլինի վարչապետի հրաժարականը:
Նրանք նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ ժամանակն է, որ Յանուկովիչը քայլ անի, այլապես ցուցարարները չեն հեռանա փողոցներից: Նախագահները հիշեցրել են նախկինում նման քայլերի գնալու փորձը և համարել, որ դա այս պահին խնդրի միակ լուծումն է: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ակցիաներ և ցույցեր են ընթանում, որոնք սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ իշխանությունները հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակներով ցրեցին «Եվրամայդանը», սակայն ցույցը հաջորդ օրը վերսկսվեց: Ընդդիմադիրները հայտարարել են, որ կշարունակեն ակցիաներն այնքան ժամանակ, մինչև կառավարությունը հրաժարական տա: