ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում
10/12/2013 21:13

ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում

Մասնագիտությունը՝ Զինվոր. ՀՀ ԶՈւ բուժծառայության փոխգնդապետ, ռազմական վիրաբույժ Վահան Գևորգյան

Փոխգնդապետ Գևորգյանը՝ 20 տարի է՝ ՀՀ Զինված ուժերում է: Ասում է՝ տարիների հետ փորձն ավելանում է, իսկ պատասխանատվությունը չի պակասում՝ ոչ մի կերպ:

«Պատկերացրեք` ցանկացած այլ բժիշկից պահանջում են հիվանդի հարազատները, բարեկամները և ինքը` հիվանդը: Մեզանից պահանջում են հիվանդի հարազատ-բարեկամները, հիվանդը, հասարակությունը և, իհարկե, մեր ղեկավարությունը` մինչև նախարար ու նախագահ»,- ասում է փոխգնդապետն ու պատմում իր պատմությունը՝ առաջին վիրահատություններից մինչև ՀՀ ՊՆ Կենտրոնական կիլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ:

«Վիրաբույժն անընդհատ քայլում է դանակի սայրով: Անկախ նրանից՝ սահմանին ես, թե` ոչ, դու սահմանով ես քայլում»

1993 թ.-ին Վահան Գևորգյանն ավարտում է Բժշկական համալսարանն ու մեկնում ռազմաճակատ՝ Հադրութ:

«Դեռ ուսանողական տարիներին՝ որպես կամավոր, մասնակցել էի Արծվաշենի պաշտպանությանը: Գիտեի՝ ռազմաճակատում բժիշկներ են պետք, ավարտելուց հետո որոշեցի մեկնել Արցախ»,- պատմում է ռազմական վիրաբույժն ու հիշում, որ Հադրությում հիմնականում զբաղվում էր հիվանդների ու վիրավորների էվակուացիայով.

«1994 թ.-ին տեղափոխվեցի Մարտակերտի շրջան` Մեծ Շեն գյուղ, որտեղ ռազմադաշտային հոսպիտալ կար և այնտեղ սկսեցի աշխատել որպես վիրաբույժ: Հետո արդեն հոսպիտալից` հոսպիտալ: Եվ վերջում՝ արդեն այստեղ»:

Փախգնդապետը բացատրում է՝ ռազմական բժշկությունը երևի թե միակ ռազմական մասնագիտությունն է, որն առաջնագծից մինչև խորը թիկունք աշխատում է, ընդհուպ մինչև քաղաքացիական բուժհաստատությունների հետ համագործակցությունը:

«Այսինքն` մենք առաջին գծում ենք, մենք միջին օղակներում ենք, մենք կայազորային հոսպիտալներում ենք»,- ասում է Վահան Գևորգյանն ու ավելացնում՝ անկախ սահմանին լինել-չլինելուց՝ վիրաբույժը միշտ սահմանով է քայլում.

«Վիրաբույժն անընդհատ քայլում է դանակի սայրով: Անկախ նրանից սահմանին ես, թե` ոչ, դու սահմանով ես քայլում: Ցանկացած պահի կարող ես վնասել մի փոքր անոթ, փոքր ներվ, որի հետևանքով այդ մարդն ամբողջ կյանքի ընթացքում մնա հաշմանդամ: Այսինքն՝ դու կարող ես ամբողջ կյանքում իրեն ցավ պատճառել: Ինքն անընդհատ գա, քո դռանը կանգնի ու իր հետ քո դռանը կանգնի նաև խիղճդ: Դա պատասխանատվություն է, որը վիրահատությունից հետո կարող է տասնյակ սպիտակ մազեր ավելանացնել գլխիդ»:

«Պատերազմի ժամանակ վարորդ ունեի, ով ռմբակոծության տակից գնում վիրավորներ էր բերում: Այդ իրավիճակում վախը բթանում է, ուղղակի գիտես՝ պետք է»

Երբ փոխգնդապետին հարցնում եմ ռազմաճակատի, հիշողությունների ու պատերազմի մասին՝ մի պահ լռում է.

«Գիտե՞ս, մարդու հիշողությունը մի հետաքրքիր ինքնապաշտպանական ֆունկցիա ունի, որ թույլ է տալիս մոռանալ վատ, տխուր հիշողություններն, իսկ լավը՝ միշտ հիշել: Պատերազմի մի օրը խաղաղ կյանքի մի տարին է: Այնքան բան է տեղի ունենում, որ չես հասցնում տխրել, ուրախանալ, զգալ...»,- ասում է փոխգնդապետ Գևորգյանն ու շարունակում.

«Նախ ուզում եմ հիշել այն օղակի մարդկանց, ում մասին հիմա քիչ է խոսվում: Մարդիկ, ովքեր աշխատել են բժիշկների հետ` քույրերը, վարորդները:

Բժիշկների վրա, իհարկե, ամենապատասխանատու գործն է, բայց պետք է ասենք նաև, որ մյուս կողմից շքանաշաններն էլ են իրենք ստանում: Կան մարդիկ միջին օղակներում, ովքեր անում են իրենց աշխատանք, այդ աշխատանքն անում են լավ, բայց չեն գնահատվում, ցավոք: Օրինակ՝ ես մի վարորդ ունեի, ով Հադրութում` ռմբակոծության տակ, վիրավորներին հանելու համար գիշերով այնքան էր գնացել-եկել մի վտանգավոր ճանապարհով, որ կարող էր առանց լուսարձակները միացնելու անցնել այդ տեղով: Իսկ լուսարձակները միացնել չէր կարելի, քանի որ պետք էր գաղտնի գալ-գնալ, լույսեր վառեիր` անմիջապես կրակելու էին: Ես վերջերս, արդեն խաղաղ ժամանակ անցա այդ ճանապարհով ու որ նայում էի` սարսափում էի, թե ոնց էինք մութ ժամանակ, կրակոցների տակ անցնում այդտեղով: Բայց Ավոն` վարորդը, քշում էր` մետր աջ, մետր ձախ` ընկնելու էինք ձորը բոլորով, բայց ինքը գիտեր` քշել էր պետք, մյուս կողմում վիրավորներ կային...»:

Վահան Գևորգյանի խոսքով՝ լավ վիրաբույժ լինելու համար առաջին հերթին պետք է փորձ ձեռք բերել, որովհետև դու կարող ես երեք տարի շատ լավ վիրահատել ու մեկ էլ հանկարծ` մի իրավիճակ, որում պետք շատ արագ կողմնորոշվել, իսկ դու չես կարողանում: Հենց այստեղ է զգացնել տալիս փորձի պակասը:

«Մի դեպք եղավ հենց պատերազմի ժամանակ, երկու վիրավոր բերեցին: Երկուսի վիճակն էլ ծանր էր՝ ես՝ միակ վիրաբույժը, ու պետք է ընտրեի՝ ու՞մ վիրահատել, ու՞մ փրկել: Նայում եմ՝ երկուսն էլ երիտասարդն են, երկուսն էլ՝ լավ ռազմիկ, երկուսի համար էլ ընկերներն անհանգիստ են: Հասկացա՝ ընտրել ուղղակի չեմ կարող: Ընտրելու փոխարեն իրար զուգահեռ երկու սեղան դրեցի ու խնդրեցի, որ մի սեղանին մաշկաբանն ինձ ասիստենտ կանգնի, մյուսին՝ թերապևտը: Վազում էի մի սեղանին մի զինվորի խոշոր անոթն էի կապում, փոխում էի ձեռնոցներս՝ հետ վազում մյուս սեղանի մոտ: Երկուսն էլ փրկվեցին...»,- պատմում է փոխգնդապետ Գևորգյանը:

«Հաճախ կնոջս՝ ինձ ասված առաջին խոսքը լինում է՝ բա հիվանդդ ո՞նց եղավ»

Պատերազմից հետո Վահան Գևորգյանն ընտանիք է կազմում: Այսօր, կարելի է ասել, ընտանիքն էլ իր հետ ծառայում է.

«Ամուսնացել եմ 1998 թ.-ին: Ըտանիքս, իհարկե, տուժում է ծառայությանս ձեռքը»,- ժպտալով պատմում է փոխգնդապետը.

«Տանը փորձում եմ հնարավորինս շատ լինել, բայց ահա թե քանի գիշեր եմ տանը լինում` արդեն այլ հարց է, որովհետև անընդհատ կանչեր, անընդհատ զանգեր, պետք է գալ, վիրահատել, ներկա լինել... Մենք դրանով ենք ապրում ու արդեն մեր ընտանիքներն էլ են դրանով ապրում: Շատ հաճախ կնոջս առավոտյան կամ երեկոյան առաջին խոսքն է լինում` հիվանդդ ո՞նց եղավ»:

Փոխգնդապետ Գևորգյանը որդի ունի.

«Տղաս 14 տարեկան է: Տա Աստված չունենա ոչ մի առողջական խնդիր ու 4 տարուց նա էլ զորակոչվի բանակ: Մասնագիտության ընտրություն դեռ չի արել, բայց նկատում ենք՝ հակում ունի ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների ուղղությամբ»,- պատմում է փոխգնդապետը:

«Հիմա էլ զինվորները ոգի ունեն, ուղղակի այն ցույց տալու առիթ չկա ու տա Աստված այդ առիթը չլինի երբեք...»

Երբ խնդրում եմ, որ 20-ամյա ծառայության փորձով փոխգնդապետը նշի այն փոփոխությունները, որոնք նկատում է զինվորների մոտ, պատասխանում է՝ «էական փոփոխություն ես չեմ տեսնում»:

«Բարեբախտաբար, հիմա խաղաղ ժամանակ է: Պատերազմի ժամանակ դե ուրիշ է լինում` ոգին ավելի բարձր է լինում, բնականաբար, նվիրվածությունն ու գիտակցությունն ավելի բարձր են լինում: Բայց պետք է ասեմ, որ պատերազմի ժամանակ այդ ոգին ուղղակի ավելի նկատելի է լինում: Հիմա էլ զինվորի մեջ կա այդ ոգին, ուղղակի կոպիտ ասած, առիթը չկա այդ ոգին գործում ցույց տալու ու տա Աստված՝ այդ առիթը չլինի երբեք...»,- ասում է Վահան Գևորգյանն ու շարունակում.

«Ինչ վերաբերում է առողջությանն, ապա՝ անկասկած կա մութ ու ցուրտ տարիներին մեծացած երեխաների ֆակտորը: Սկսած դպրոցից ու մանկապարտեղից՝ այս երեխաների վրա չեն հասցրել համապատասխան ուշադրություն դարձնել: Չկար լավ սնունդ, երեխաները չէին զբաղվում ֆիզպատրաստությամբ: Ու սա է պատճառը, որ շատ են ողնաշարային խնդիրներով տղաները, շատացել են նաև անոթային պատալոգիայով հիվանդները»:

Վիրաբույժի խոսքով՝ զորակոչի ժամանակ մաքսիմալ ուշադրություն է դարձվում, որ հիվանդ զորակոչիկները ազատվեն ծառայությունից.

«Մանավանդ վերջին տարիներին՝ շատ մեծ ուշադրություն է դարձվում դրան: Իրականում զորակոչի հանձնաժողովի բժիշկների աշխատանքը շատ ծանր է` մի կողմից կան զորակոչիկներ, ովքեր թաքցնում են իրենց հիվանդությունները, մյուս կողմից` մարդիկ, ովքեր ավելացնում են հիվանդությունները: Պետք է երկուսին էլ հստակ առանձնացնել»,- պատմում է վիրաբույժը ու ավելացնում.

«Ասեմ ձեզ, որ վերջին երկու տարիներին մենք զուտ հիվանդ զորակոչված զինվորներ շատ քիչ ունենք: Կան այդպիսի զինվորներ, իհարկե: Բայց ես երկար հետևելուց հետո՝ նրանց մեջ զորակոչային հանձնաժողովի սխալ չեմ տեսնում: Գիտեք` ինչ գործոն կա, լինում է, որ թեթև հիվանդություններով տղաները զորակոչվում են: Զորակոչիկներ կան, որ ամբողջ կյանքում ոչ մի ֆիզիկական աշխատանք չեն արել ու բանակն իրենց համար հիմա ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է: Իրենց մոտ եղած ներքին ռեսուրսները կանգնում են սահմանագծի վրա և ի հայտ են գալիս հիվանդություններ, որոնք նախկինում թաքնված էին: Այս գործոնն էլ կա, որը հաճախ բժիշկներին քննադատելուց հաշվի չեն առնում: Երբ զորակոչվելուց երկու-երեք ամիս հետո հիվանդություն է ի հայտ գալիս: Ասում են` ըհը, հիվանդ են զորակոչել բանակ: Ո'չ պարոնայք, կներեք, բայց ոչ միշտ է այդպես»:

«Ծնողնե՛ր, ժամանակն է որ մեզ՝ բժիշկներին ու ձեր երեխաներին՝ զինվորներին, ավելի շատ վստահեք»

«Ժամանակն է, որ զինվորների ծնողները մեզ մի քիչ ավելի շատ վստահեն»,- ասում է ռազմական բժիշկը, երբ խնդրում եմ ամփոփել զրույցը:

«Ու առաջին հերթին, ժամանակն է, որ ծնողներն իրենց երեխաներին ավելի շատ վստահեն: Թույլ տան, որ ավելի ինքնուրույն լինեն: Հաճախ է լինում, որ ծնողների, այսպես ասած, «գեր-սերը» խանգարում է զինվորին ծառայել: Սիրե՛ք ձեր երեխաներին, բնական է, բայց հասկացեք՝ նրանք արդեն ինքնուրույն մարդիկ են, ովքեր կատարում են կարևորագույն պարտք: Իրենց ուսերին է դրված մեծագույն պատասխանատվությունը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ...»:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ

 

ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում