.jpg)
Ն. Զոհրաբյանի առաջարկը. Գրանցվել Գինեսի գրքում` որպես նորօրյա նապոլեոններ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ներառվել են ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարված մի քանի օրինագծերի քննարկումն ու քվեարկությունը:
ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցել որոշ օրինագծերի քվեարկությանը` պատճառաբանելով, թե կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համպատրաստից պատրաստված օրինագծեր, ինչը, ըստ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ:
Սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով խորհրդարանում ներկայացնում էր մի շարք օրինագծեր, լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի ասածի հետ և հարց ուղղեց լրագրողներին. «Իսկ դուք այդպիսի բան տեսե՞լ եք»:
Նախարարի խոսքով` իրենք երբեք հապշտապ գրված նախագծեր չեն ներկայացնում. «Պարզապես, լինում են դեպքեր, երբ նախագծերը ԱԺ հանձնաժողովներում չեն հասցնում քննարկել»:
Իսկ ահա ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ կառավարության նման անհարգալիցը գործելաոճը կարող է չվիրավորել որոշ պատգամավորների:
«Կառավարությունը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս խորհրդարանի նկատմամբ և ուրբաթ կեսգիշերին կամ երկուշաբթի առավոտյան նախագծերը ճանաչում է անհետաձգելի և բերում խորհրդարան: Եթե իրենք այդքան ինտելեկտուալ են, այսպես ասած, իրենց IQ-ն այդքան բարձր է և իրենք Նապոլեոնի որոշ հատկանիշներ ունեն և կարող են, ասենք, ժամը 11-ին ստացած նախագծին մեկ ժամում ծանոթանալ, հետո քննարկել այն և դիրքորոշում հայտնել, ապա ես կառաջարկեմ նրանց ներկայացնել Գինեսի գրքում` որպես նորօրյա նապոլեոններ: Չի կարելի այդքան քծնել սեփական կառավարությանը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: