.jpg)
Կիրո Մանոյան. Ճիշտ է Դավութօղլուին ցույցերով դիմավորելը
2015 թ.-ը մենք պետք է կարողանանք դիմավորել առանց հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«2015-ին մեր իրավունքների ձեռքերբերման համար պետք է ձևավորենք համահայկական համախոհություն: Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը Դավութօղլուի այցի օրը ցույց է կազմակերպելու, որը ճիշտ է: Ճիշտ է Դավութօղլուին ցույցերով դիմավորելը: Պետք չէ անտարբեր անցնել այդ այցի նկատմամբ»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կ. Մանոյանի կարծիքով` այսօր Թուրքիան ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կա հայ-թուրքական բանակցային գործընթաց:
«Իրականում Թուրքիան իր պահվածքով ցույց է տալիս, որ շարունակում է իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Այդ երկիրը ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, պարզապես ուզում է այդպես ձևացնել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Մանոյանն առաջընթաց չի ակնկալում նաև ԼՂ հակամարտության հարցում:
«Ըստ իս միակ առաջընթացն այն էր, որ երկու տարի չհանդիպելուց հետո` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն այս տարի հանդիպեցին: Այլ առաջընթաց չկա»,- ասաց Կիրո Մանոյանը: