Մի մարդու պատմություն. Լիզա. Անեծքից օրհնանք. Աչքը կյանքի վրա մնաց
11/12/2013 21:06

Մի մարդու պատմություն. Լիզա. Անեծքից օրհնանք. Աչքը կյանքի վրա մնաց

Նստում է պատուհանի մոտ, երկար-երկար նայում փողոցի անցուդարձին, հետաքրքրվում հարևանների կյանք-կենցաղով, ամուսնություններով-ամուսնալուծություններով, սիրած-միրած, սեր-մեր կա-չկա, երբ եկան ու գնացին... Օրհնում է, որ բարին կատարվի, երջանիկ լինեն, խաղաղություն լինի. Պատուհանը կապում է արտաքին «ամեն ինչ շարժող» աշխարհին:

Քաղաքական կյանքում էլ որոշակի նախասիրություններ ունի` էն քյոփակը… կամ էսինչը լավ մարդ ա, էնինչի երեսը չեմ ուզում տենամ. էսպես:

Լիզան ձեռնափայտով է շարժվում, դժվարանում է. տարիքն ու հիվանդությունները բարեկամացել են ու կինը կախված է նրանց բարիկամեցողությունից: Փոքրիկ-մոքրիկ, մաշկային խնդիրներով, ամբողջ կյանքն անցել է աշխատանքի մեջ: Ասում էին, որ Լիզան օրը 23 ժամ է աշխատում. անգամ քնած ժամանակ: Եկավ նաև Լիզայի ժամանակը, և աշխատանքը դադարեց վաղ առավոտից մինչ ուշ գիշեր զբաղեցնել նրա առօրյան` իմաստավորելով օրը: Այժմ, թեկուզ, դժվարությամբ է շարժվում, սակայն անում է ինչ հնարավոր է. տեղաշարժ չպահանջող գործեր:

Կյանքն անցավ կողքով, չամուսնացավ: Անցան տղամարդիկ, գուցե չանցան. ժամանակը նրանցից էլ արագ անցավ: Նայեց, թե ընկերուհի-աղջիկներ, հարևանուհի-դասընկերուհիներն ինչպես ամուսնացան. տուն-ընտանիք, իսկ Լիզային մնացին բարեմաղթանքններն ու օրհնանքի խոսքերը: Կողքից էր նայում երջանկությանը, խաղաղությանն ու պատերազմներին, սիրուն ու երկպառակություններին: Իսկ թե ինչ կար սրտի խորքում և ում համար էր երբևէ սիրտը բաբախել, պատումը միայն իրեն է պահում:

Խիստ կարևորում է  ամուսնությունը, աղջիկը պետք է ամուսնանա և ժամանակին. գուցե ավանդականությունն է, գուցե չդասավորված կյանքը: Ավանդապահ է նաև տղամարդկանց հարցում,  հատկապես հարգում է այն կանանց, ովքեր տղամարդկանց ընտանիքում վեր են դասում. առաջինն են կերակրում տղամարդուն, ոտքի են կանգնում, երբ տան տղամարդը կամ ընդհանրապես տղամարդ է ներս մտնում. «Խոհանոցի լավագույն պատառը տղամարդունն է»,- համոզված է Լիզան:

Ընտանիքում այդպիսի ավանդույթ կար` տղամարդկանց մեծարում էին. Նախ այդ կարգավիճակում հայրն էր, հետո` եղբայրը: Անգամ հարևանուհուն խորհուրդ էր տալիս. «Մարդուդ լավ նայի, կարող ա դու չուտես, բայց իրան կերակրես: Կարևոր չի, որ դու էլ լավ բան ուտես, կարևորը գլխավորդ կերել ա»:

Քույրերը ևս ֆիզիկական խնդիրներ ունեին ու չամուսնացան, ասում էին, որ խնամախոսներ եղել են, սակայն ոչ մեկի կյանքը չէր ստացվել: Այժմ Լիզան է մնացել ու եղբայրը: Իսկ ամեն ինչ սկսեց անեծքից:

Խոսակցություններ կային, որ Լիզայի հորը իր մայրն է անիծել. Խառը պատմություն է. Մի անգամ, շատ տարիներ առաջ, Լիազյի հայրական տուն հյուր է գալիս: Տեսնելով ծեր կնոջը՝ հյուրը հետաքրքրվում է՝ ո՞վ է: Լիզայի հայրն էլ, ամաչելով մոր ծերությունից, անխնամությունից, կամ Աստված գիտե էլ ինչից, պատասխանում է`  տան աղախինը: Այդ օրը մայրը անիծում է որդուն:

Պատմում են նաև, որ  Լիզայի երիտասարդ հորը անիծել է սիրած աղջիկը՝ ուրիշի հետ ամուսնանալու համար. Ու աղջիկները ֆիզիկական արատներով են ծնվել: Ոչ ոք չգիտի՝ ում անեծքն էր զորեղ՝ մոր, թե սիրած աղջկա, բայց խոսքը տևեց կյանքից կյանք, կյանքից երկար ու դժբախտացրեց բոլորին:

Տունը մեծ է՝ երկհարկանի, պատշգամբով. Այժմ Լիզան միայնակ չէ, թեև տարիներով միայնակ էր ապրում` քույրերի ու մոր մահից հետո: Հիմա նրա աշխարհը պատուհանն է` փողոցի եռուզեռով:

Ամբողջ կյանքում Լիզան աշխատել է, օրը դեռ չբացված նախ բակը` ջրցողել-ավլել, հետո բակի բանջարեղենը: Տան անցուդարձի հավեսը չուներ, դաշտում է աշխատել, նաև գործարանում:

Այժմ էլ այգում եթե խոտ կա, ուրեմն այգին վատ է խնամված: Փորձում են բացատրել, որ խոտը լավ է, կանաչ է, հողը փափուկ է պահում` ոչ, եթե այգում խոտ կա, ուրեմ տան կնոջը իզուր են հաց տալիս-պահում. Այս ամենը նա չի բարձրաձայնում, դրա կարիք չկա էլ, առանց դրա էլ պարզ ու թափանցիկ է աչքերով խոսում: Աչքերը բարություն են կաթում, չի տրտնջում, որ կյանքը ինչ-որ առումով չի տացվել, կարևորը ազգականները ողջ-առողջ են, հարազատները կողքին են, իսկ աշխարհը կարմիր-կանաչ, թեկուզ պատուհանից:

Չունենալով անձնական կյանք՝ մշտական հետաքրքրություն ունի՝ այլոց անձնական կյանքը` ով, երբ, որտեղ, ինչու և հատկապես ինչպես:

«Արուսն աշխատում ա՞, տղեն էլ ա աշխատում, չէ՞, ախմախ, ինչի՞ չի աշխատում, ասում են Սաքոյի հարսը բաժանվել ա, ճիշտ ա՞»,- ու այսպես շարունակ: Հետաքրքրություներից հետո, օրհնանք-բարեմաղթանքներ են` լավ ըլնես, գլխավորդ լավ ըլնի, երեխեքդ, ախպերդ, մերդ ու քուրերդ. Բոլոր օրհնանքների մեջ կարևորում է. «Գլխավորդ լավ ըլնի»:

Այսօր էլ պատուհանի մոտ է, վարագույրը շարժվում է` նայում է ով եկավ-գնաց: Կյանքը պատերից այն կողմ է, սակայն նա գտել է կյանքի հետ բարեխոսելու բանալին` միշտ աչքը կյանքի վրա: 

Նախորդող հրապարակումներ՝ Մի մարդու պատմություն. Նարինե. Կյանքով երջանիկ կինը

Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը:

Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց

Մի մարդու պատմություն. Լիզա. Անեծքից օրհնանք. Աչքը կյանքի վրա մնաց