.jpg)
70 կողմ, 40 դեմ. 2014-ի բյուջեն ընդունվեց
Քիչ առաջ Ազգային Ժողովը 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «2014-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այսպիսով` ԱԺ արտահերթ նստշրջանն ավարտվեց:
Մինչ քվեարկության մեկնարկը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իր համար շատ կարևոր երեք առաջարկություն կառավարությունն ընդունել է, մնացած մասով քննարվում է:
Իսկ ահա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր որոշումն ամրապնդվեց Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը լսելուց հետո:
«Պարոն Սարգսյանը շատ հանգիստ բերեց վիճակագրություն, որ վկայում է Հայաստանում հաստատված ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակի մասին և նույնիսկ կես խոսք չասաց այն մասին, որ այդ վիճակը ստեղծվել է նաև այն պատճառով, որ գործող կառավարությունը չի կատարել նախկինում ստանձնած բազմաթիվ պարտավորություններ»,- ասաց փաշինյանը:
Ինչ վերաբերում է ապագայի խոստումներին, ապա, պատգամավորի խոսքով, դրանց կարելի է լուրջ վերաբերել այնքանով, որքանով կատարվել են կառավարության նախկինում տրված խոստումները:
«Ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Այս բյուջեի նախագծում կառավարությունը նախատեսել է 5,8 տոկոս տնտեսական աճ: Շնորհակալություն»,- ամփոփելով խոսքը` ասաց Փաշինյանը ու դեմ քվեարկեց բյուջեին:
Նախորդող հրապարակում` Վարչապետ. Ձեզ ներկայացված կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի