DJ Վակցինան՝ միայնակ մոր կարգավիճակի ու հասարակական կարծիքի մասին
12/12/2013 18:29

DJ Վակցինան՝ միայնակ մոր կարգավիճակի ու հասարակական կարծիքի մասին

Life.Panorama.am-ի զրուցակիցը Արուսիկ Մկրտչյանն է, նույն ինքը՝ DJ Վակցինան, շատերին հայտնի է կյանքի նկատմամբ իր անհատական, ոչ կախյալ վերաբերմունքով: Անկախ շրջապատի վերաբերմունքից, սիրում է մտածել ու անել այն, ինչը կերջանկացնի իրեն: Չի ապրում ուրիշների կարծիքով, բայց սիրում է կարծիք արտահայտել վատ երևույթների մասին՝ հնարավորության սահմանում օգնելով շատերին… Անկանխատեսելի հայուհի՝ խելացի մտածված քայլերով…

-Արուսիկ, հիմա ինչո՞վ եք զբաղված:

-«Կամի» ակումբի արտտնօրենն եմ, նաև հասարակական տարբեր նախաձեռնություններ եմ իրականացնում՝ ակցիաներ, միջոցառումներ, իրազեկման ծրագրեր: Իմ ֆիրման կազմակերպում է ակումբային և կոմերցիոն միջոցառումներ: Ի դեպ, նաև որոշել եմ մասնագիտանալ ևս մեկ բնագավառում: Այնպես որ, նաև ուսանողուհի եմ…

-Ի՞նչ մասնագիտություն եք ընտրել այս անգամ:

-Դե, առաջին մասնագիտությամբ կենսաբան եմ, այժմ որոշել եմ շուկայագիտություն ուսումնասիրել:

-Բավական ակցիաներ եք անցկացնում, բարեգործական ծրագրեր: Աջակիցներ ունե՞ք:

-Մինչ օրս, ինչ արվել է, արվել է միայն էնտուզիազմով: Մարդկանց երբեմն թվում է, թե ինչ-որ գրանտներ եմ ստանում կամ բարերարներ են հայտնվել: Նման աջակցություն երբեք չի եղել, դա միայն եղել է իմ ցանկությամբ ու որոշ ընկերների աջակցությամբ, որոնք օգնել են որոշ կազմակերպչական հարցերով. ապահովել են տրանսպորտով, կամ բերել են տուփեր, որոնց մեջ պետք է խաղալիքներ հավաքվեին… Ակցիաներ եմ կազմակերպել ծխելու, թմրանյութերի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակով…

-Առողջապահության նախարարությունը արձագանքո՞ւմ է ձեր՝ նման ակցիաներին:

-Ո՛չ, երբևիցե որևէ ձև չի արձագանքել ու չի աջակցել, ինչն ինձ համար տարօրինակ է: Կարելի էր աջակցել թեկուզ զուտ ինֆորմացիոն առումով: Եթե բարձրագույն մարմինները փորձեն իրազեկել բնակչությանը, գործունեությունը ավելի լավ ու նպաստավոր կստացվի:

 

-Ինչո՞ւ որոշեցիք առողջ ապրելակերպ քարոզել:

-Նախ՝ առաջին մասնագիտությունս մոտ է բժշկությանը, նաև բժշկական բավական գիտելիքներ ունեմ: Ցանկանում եմ մարդկանց իրազեկել այն խնդիրների մասին, որոնց ուշադրություն չեն դարձնում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է դիմացինի նկատմամբ պատասխանատվություն ունենա, գիտելիքներով կիսվի: Քանի դեռ երիտասարդ եմ, փորձում եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց, գուցե հետագայում ժամանակս և հնարավորություններս չբավականացնե՞ն:

-Օրինակ, ծխախոտից կախվածություն ունեցող մարդկանց ինչպե՞ս կարելի է «դարձի բերել»:

-Նախ ասեմ, որ ծխախոտ ու թմրամիջոց օգտագործելը երբևիցե ժամանակակից չի եղել ու չի էլ լինելու: Վատ սովորույթները ծնվել են մարդկանց հետ, ու, բնականաբար, դրանք կիրառելով՝ ժամանակակից չես համարվի, ինչն այսօր փորձում են անել շատ դեռահասներ: Յուրաքանչյուր մարդ պետք է հետևողական լինի իր առողջությանը և արհեստական միջոցներով չմոտեցնի իր մահվան օրը…

-Ձեր ընտանիքում ծխողներ չկա՞ն…

-Հայրս է… Ափսոս, ծխախոտի դեմ պայքարս ուշ եմ սկսել՝ 2009 թվականից ...Նա արդեն շատ մեծ է ու, թեև, գիտակցում է ծխախոտի վնասը, բայց այլևս հրաժարվել չի կարող… Իսկ երիտասարդները, ովքեր կյանքը նոր-նոր են սկսում, պետք է ավելի հեշտ որոշում կայացնեն և ապրեն առողջ: Հավատացեք, ծխախոտը թողնելուց հետո կյանքի որակը բոլորովին փոխվում է… Իմ համառության շնորհիվ միշտ կարողանում եմ «լեզվակռվի» մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են նկարագրել ծխախոտի դրական կողմերը… Եվ հասել եմ այն արդյունքին, որ իմ շատ ու շատ ընկերներ, ինձ ճանաչողներ հրաժարվել են այդ վատ սովորույթից…

-Արուսիկ, ամիսներ առաջ մայրացաք… Օրեր առաջ ձեր որդին՝ Վիկտորը, դարձավ 4 ամսական… Ձեր զբաղվածությամբ հասցնո՞ւմ եք նրա հետ շփվել…

-Բարեբախտաբար, ես ազատ գրաֆիկով եմ աշխատում. շաբաթվա մեջ միայն 3-4 օր եմ բացակայում, այն էլ ամենաշատը 6 ժամով: Ամբողջ գործունեությունս փորձում եմ կոորդինացնել տանից: Դրսում լինում եմ միայն գործնական հանդիպումների ժամանակ, նաև որպես DJ աշխատանքի անհրաժեշտությունից ելնելով: Անկախ նրանից, որ երեխան ապահով ձեռքերում է տատիկի, դայակի կամ մորաքրոջ մոտ, բայց պարզ ճշմարտություն է, որ ցանկացած երեխա միշտ մայրիկի կարիք ունի: Որքան էլ հոգնած լինեմ, շատ մեծ սիրով եմ նրանով զբաղվում: Երբևէ ժամանցի համար երեխային չեմ թողնի, գնամ… Եթե աշխատանքի չեմ, ուրեմն փոքրիկիս կողքին եմ…

-Բացակայության ընթացքում ո՞վ է նրա մասին հոգ տանում:

-Դայակը:

-Ծնողների հետ չե՞ք ապրում:

-Այո, բայց մայրս վերջին անգամ 27 տարի առաջ է երեխա խնամել… Իհարկե, տատիկն էլ է շատ հաճախ խնամում… Հերթափոխում ենք…

 

-Միայնակ մայրիկի կարգավիճակում դժվար չէ՞:

-Գիտեք, ես միշտ ֆիզիկական դժվարությունները ավելի հեշտ եմ տարել, քան հոգեբանական… Ես իդեալիստ եմ, և դեռ չեմ գտել այն տղամարդուն, ով կլինի իմ իրական կեսը: Ես հավատում եմ երկրորդ կես գաղափարին, և գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր 97 տոկոսով համընկնում են միմյանց:

-Այդ պատճառո՞վ որոշեցիք փոքրիկին լույս աշխարհ բերել առանց երկրորդ կեսի:

-Այո, ես շատ էի ուզում բալիկ ունենալ, սակայն, բացի դեռևս չհանդիպած երկրորդ կեսից, ունեի նաև առողջական լուրջ խնդիրներ… Հետևաբար՝ երկընտրանք չկար՝ ունենալ, թե՞ չունենալ… Ինձ համար իմ բալիկը աշխարհի ամենալավ ու ամենասիրելի տղամարդն է, ում համար որ ես չեմ զլանում որևէ ծանր աշխատանք կատարել… Մնացած բոլոր առումներով ես երջանիկ եմ, թեկուզ որպես միայնակ մայրիկ…

-Իսկ ընտանիքի անդամները ինչպե՞ս ընդունեցին ձեր մայրանալու գաղափարը:

-Ընդունելով անձնական կյանքի նկատմամբ իմ մոտեցումները՝ նրանք ըմբռնումով մոտեցան իմ որոշմանը: Որևէ խոսակցություն կամ խնդիր չի եղել: Ընդհակառակը, ընտանիքս առաջին իսկ օրվանից շատ երջանիկ է եղել ու ինձ աջակցել…Ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ նման գաղափարներով ծնողներ, որոնց համար առաջին հերթին կարևոր է սեփական երեխայի երջանկությունը: Նրանք երբևիցե հաշվի չեն նստում կողմնակի խոսակցությունների հետ… Բայց շատ ուրախացա, որ բնակչության մեծ մասը վատ չի տրամադրվել իմ կատարած քայլին և ըմբռնումով է մոտեցել… Շատերն են տարբեր պատճառներով կանգնել երկմտանքի առաջ՝ մնա՞լ առանց զավակ, թե՞ ունենալ երեխա… Նրանց համար իմ քայլը մեծ հնարավորություն էր ավելի լայն մտածել…

 

-Բայց չե՞ք մտածում լիարժեք ընտանիքի մասին:

-Իհարկե, մտածում եմ, բայց մինչև «նրան» հանդիպելը ինձ համար իդեալական կյանքը այն է, ինչը ես հիմա ապրում եմ…

-Բայց երեխային պետք է չէ՞ այդ ընտանիքը:

-Իհարկե պետք է… Բայց ես չեմ ընդունում այն ընտանիքները, որտեղ չկա սեր, փոխադարձ հարգանք… Նման ընտանիքներում մեծացած երեխաները հոգեբանական ավելի մեծ խնդիրների առաջ են հետագայում կանգնում, քան այն երեխան, ով մեծանում է սիրո, գուրգուրանքի մեջ, բայց միայն մայրիկի հետ… Բայց ես վստահ եմ, որ հետագայում կունենա շատ ուժեղ տղամարդ իր կողքին, ով իրեն կգնահատի ու կընդունի որպես իր բալիկ…

-Դուք ընդամենը 27 տարեկան եք, ու թեև հրաշալի բան է, որ հիմա բալիկ ունեք, բայց ինչո՞ւ շտապեցիք: Ձեր ընտրյալը դեռ ժամանակ ուներ հայտնվելու:

-Ես 20 տարեկանից լուրջ առողջական խնդիրներ եմ ունեցել, 7 տարի դեղեր եմ խմել, որն իմ օրգանիզմում արդեն որոշակի հետևանքներ թողեցին… Գիտեի, որ խնդրի առաջ եմ կանգնելու…

-Առաջին Ամանորն է, որ երեխայի հետ եք նշելու: Զգացողությունները տարբերվում ե՞ն մյուս տարիներից:

-Միանշանակ… Նախ փորձում եմ ավելի հարմարավետ ու ջերմ միջավայր ստեղծել փոքրիկիս համար… Ցավում եմ, որ ամբողջ նոր տարին չեմ կարող տանն անցկացնել, քանի որ այդ օրը աշխատում եմ…Միայն մի քանի ժամ տանը կլինեմ: Դե, այս դեպքում երկուսը մեկում է ստացվում… Եվ «հայրիկի» դերն եմ կատարում, և մայրիկի…

-Արուսիկ, քանի որ դուք միշտ ձեր քաղաքացիական կարծիքն արտահայտում եք, ինձ հետաքրքիր է, ինչպե՞ս եք արձագանքում տրանսպորտի թանկացման մասին խոսակցություններին: Թե՞ սեփական մեքենա ունեք և դա ձեզ չի անհանգստացնում:

-Ես ավտոմեքենա չեմ վարում, քանի որ անցյալ տարի շատ «խայտառակ» վթարի եմ ենթարկվել, որի մասին գրեթե ոչ-ոք չիմացավ, բայց շատ վախեցա… Կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցինք…Բայց ինձ մոտ այնպիսի վախ է մնացել, որ չեմ կարող այլևս վարել, ամեն դեպքում դեռևս պատրաստ չեմ հաղթահարել…Օգտվում եմ տաքսիներից… Այնպես չի, որ ինձ մոտ «աստղային» սովորույթ է, ուղղակի հաճելի չէ այդ «ճխտված» վիճակը, նաև միշտ վազքի մեջ եմ, անընդհատ շտապում եմ… Պետք է ասեմ նաև, որ հաճելի չի, որ քեզ տեսնելիս՝ սկսում են քննարկել… Ինչ վերաբերում է թանկացումներին, ասեմ, որ դեմ եմ միանշանակ: Անկախ նրանից, ես օգտվում եմ, թե ոչ, կասեմ, որ նման սոցիալական վիճակում ապրող մարդուն բոլորովին հարմար չի գնաբարձրացումը: Ես հնարավորության սահմանում կշարունակեմ մնալ իմ քաղաքացիների կողքին… 

DJ Վակցինան՝ միայնակ մոր կարգավիճակի ու հասարակական կարծիքի մասին