.jpg)
Հայտարարություն. «Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները
«Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները: Կուսակցությունը Թուրքիայի վարչապետի՝ Հայաստան կատարած այցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վարելով հանդուրժողական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, առանց նախապայմաններ թելադրելու, հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն այս 20 տարիների ընթացքում դա չի ընդունվել և մերժվել է Թուրքիայի կողմից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Դուք երբ հարևան երկրի հողերի բռնազավթումից հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջև արգելքներ չեն լինի»: Եվ սա հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի պետության, որը մոտ մեկ դար առաջ Ցեղասպանության արդյունքում բռնազավթել է հայ, հույն և արաբ ժողովրդների բնօրրանի զգալի հատվածը: Մի պետության, որն աջակցում է ռազմատենչ իր քաղաքականությունը շարունակող և հայկական Նախիջեւանի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի տարածքները բռնազավթած Ադրբեջանին:
«Թուրքիան պետք է քաջ գիտակցի, որ եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար իր առջև նախապայմաններ չի դրել, դա չի կարող անվերջ շարունակվել կամ էլ դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող հայտարարել իր նախապայմանների մասին:
Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ սկսելու հարցում ունի իր մեկնակետը, որի հիմնական բաղադրիչը Թուրքիայի կողմից օկուպացված հայկական բոլոր տարածքների վերադարձն է և հայ ժողովրդի՝ իր հայրենի բնօրրանը վերադառնալու իրավունքի իրացումը»,-ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիային նաև «Ժառանգությունն» էր մասնակցում:
Նախորդող հրապարակում՝ Դավութօղլուն հյուրանոց մտավ հետնամուտքից. «Վախենում է հայ երիտասարդներից»