Իսրայելը հիասթափվե՞լ է Սաուդյան Արաբիայից
12/12/2013 20:08

Իսրայելը հիասթափվե՞լ է Սաուդյան Արաբիայից

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 11-ին Քուվեյթում ավարտված Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում հավանության արժանացավ Ժնևում Իրանի և միջազգային «վեցնյակ» խմբի միջև կայացած միջանկյալ համաձայնությունը և ազդարավեց, թե՝ «նոր էջ է բացվում ԾՀԽ-ի երկրների և ԻԻՀ-ի միջև», իսրայելական որոշ շրջանակներ սկսեցին լրջորեն քննադատել բոլոր այն պետական և քաղաքական գործիչներին, ովքեր կարծում էին, թե Իսլամական Հանրապետության դեմ պայքարում հրեական պետությունը կարող է համագործակցել Էր-Ռիադի հետ:

Այս  շրջանակները գտնում են, որ քուվեյթյան գագաթաժողովից հետո Իրանի միջուկային ծրագրի հարցում Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մեջ տեղի ունեցավ արմատական փոփոխություն: Ավելին, շատերը նույնիսկ առաջ անցնելով զարգացումներից՝ կանխատեսում են, որ էական փոփոխություններ են սպասվում նաև սիրիական ճգնաժամի առնչությամբ թագավորության որդեգրած մոտեցումներում:

Եվ այս ամբողջ սենսացիոն սցենարն ընդամենը կազմակերպության՝ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի մի կետի հետ կապված:

Մինչդեռ իրականում նման բազմաթիվ հայտարարություններ և փաստաթղթեր են շրջանցվում սաուդյան իշխանությունների կողմից, այս մեկը նույնպես, թերևս, բացառություն չի լինի:

Մնում է ընդամենը մեկ հետևություն անել՝ Իսրայելական որոշ շրջանակներ հավատարիմ են մնում սեփական ձեռագրին՝ «լվից փիղ սարքելու» տրամաբանությանը:

Իսրայելը հիասթափվե՞լ է Սաուդյան Արաբիայից