«ՄՄ-ին միանալու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց ՀՀ-ԵՄ օրակարգը»
12/12/2013 10:22

«ՄՄ-ին միանալու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց ՀՀ-ԵՄ օրակարգը»

«Այսօր, վստահ կարող եմ ասել, որ Եվրոպայի հետ անցած և անցնելիք ճանապարհը նույնը չէր լինի, եթե մենք չզգայինք քաղաքացիական հասարակության աջակցությունը, ինչու չէ նաև շնչառությունը` Հայաստան-Բրյուսել երկխոսության ողջ ընթացքում»,- «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարը Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստանի ազգային պլատֆորմին», շնորհակալություն եմ հայտնում դահլիճում ներկա բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին, որ նպաստել են «Հայաստանի ազգային պլատֆորմիի» գործունեությանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև Երևանի Մամուլի ակումբին, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին»`  այն աշխատանքների համար, որ նրանք իրականացրել են ՀՀ-ԵՄ երկխոսությունը խթանելու համար:

Վիլնյուսյան գագաթաժողովը դեռ չսկսած, Վ. Սարգսյանի խոսքով, հնչեցին ամենատարբեր գնահատականներ, քանի որ տարբեր էին ակնկալիքներն Արևելյան գործընկերությունից:

«Մեր ընկալմամբ` այս ձևաչափում ընկած է ընդհանուր արժեքներով ապրելու և զարգանալու տեսլականը և այդ արժեքների հիման վրա եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ և ընդլայնված հարաբերությունների կառաուցումը»,- ասաց Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ մեջբերելով Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիլնյուսում, ըստ որի, Հայաստանը վճռական է շարունակել հարաբերությունների զարգացումը Եվրոպայի հետ, կատարել խորքային և լայնածավալ բարեփոխումներ:

«Այս խոսքերը հստակ վկայությունն են, որ Հայաստանի Հանրապետությունը՝  ի դեմս իր ղեկավարի, Վիլնյուսում վերահաստատեց, որ ԵՄ-ի հետ մեր երկխոսության այն մասը, որը վերաբերում է ՀՀ պարտականություններին, մեր օրակարգում է, մեր առաջնահերթությունն է, և բոլոր քայլերը, որ իրականացվում են այս ուղղությամբ, իրականացվելու են անշեղ և լիարժեք»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի մասնակցությունը եվրոպական ընտանիքին մերձեցնող ձևաչափերում, Վ, Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանի գիտակցված և աներկբա ընտրությունն է՝ թելադրված քաղաքական և մշակութային ինքնությամբ. «Մաքսային միությանն անդամակցելու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը»,- ասաց Վ. Սարգսյանը՝ կարևորելով, որ նույնը նաև հաստատում են եվրոպական գործընկերները:

«Մենք հանձառու ենք շարունակել մեր համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակում և հետևողական առաջ ենք մղելու բարեփոխումները: Առաջիկա տարին շրջադարձային կլինի Արևելյան գործընկերության հետագա զարգացման համար՝ նոր լուծումների և համագործակցության նոր մոդելների որոնման առումով: Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ` ազատ առևտրի գոտու գաղափարը անպայման իրականություն է դառնալու, քանի որ ինտեգրացիոն գործընթացների համատեղելիությունը բխում է բոլորի շահերից»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում, շարունակեց խոսքը Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը չպետք է նվազեցնի Եվրոպայի հետ մեր փոխգործակցության ձգտումը կամ ստվերի արդեն իսկ կատարված աշխատանքը:

«Մենք արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ՝ մեր հասարակությունների շփումները հեշտացնող մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգի դյուրացումից մինչև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում մշտական պլատֆորմների ձևավորումը: Եվ այս գործընթացքում ձևավորված մարդկային շփումները պետք է շարունակեն ծառայել երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, որպեսզի ավելի ապահով և անվտանգ հարևանություն ձևավորվեն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայանգրի հիման վրա կամրագրվեն պայմանագրային նոր շրջանակներ. «Այն, ինչ չի չի բավարարում Վիլնյուսից հետո, դա ճկունությունն է, այնինչ հետվիլնյուսյան ժամանակաշրջանում առանցքային ուղերձը պետք է լինի ճկունությունը»:

Ամփոփելով խոսքը՝ նա ասաց, որ բոլորին պետք է վերաիմաստավորել Պրագայից մինչև Վիլնյուս անցած ճանապարհը և գտնել հետագա փոխգործակցության հետագա ուղիները: 

«ՄՄ-ին միանալու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց ՀՀ-ԵՄ օրակարգը»