Հոգևոր բլոգ. Կարինե Ավագյան. Աղոթք
13/12/2013 19:52

Հոգևոր բլոգ. Կարինե Ավագյան. Աղոթք

Աստվա'ծ իմ, տու'ր ինձ ոչ թե այն,
ինչ ես խնդրոոմ եմ ինձ համար,
այլ այն, ինչն իսկապես
անհրաժեշտ է ինձ…
Անտուան դե Սենտ Էկզյուպերի

Աստվա'ծ իմ, քեզ է դիմում մի փոքրիկ-փոքրիկ աղջնակ, որի աչքերի մեջ փաթիլներ կան հիմա… Սառած ու հալած փաթիլներ, որոնք կրակում են աչքերիս տաքության մեջ: Հիմա հայացքս ուղղել եմ երկնքին` քեզ, ու աչքերս բաց ու խուփ եմ անում փաթիլների ծակող ծանրությունից: Շատ բան ունեմ քեզ ասելու…

Նախ շնորհակալ եմ գոյիս համար: Շնորհակալ եմ ներքին այն մեծ հավատի համար, որ ունեմ աշխարհի հանդեպ: Շնորհակալ եմ այն հրաշքների համար, որոնցով օժտել ես ինձ` քայլելու, տեսնելու, լսելու, խոսելու, զգալու, ապրելու համար: Երախտապարտ եմ քեզ ամեն բացվող օրվա արևի լույսը վայելելու ունակությանս համար: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արժանի ես համարել ինձ և այն ամենի համար, ինչ չունեմ:

Աստվա'ծ իմ, քեզ է դիմում մի երազավառ ու արտաքուստ ուժեղ թվացող աղջնակ: Խնդրում եմ, լսի'ր ձայնս, ընդունի'ր աղոթքս:
Պահպանի'ր ինձ համար հարազատ մարդկանց. թող որ նրանք երջանիկ լինեն, թեկուզ և ինձնից հեռու:

Խնդրում եմ, տու'ր ինձ տխուր ճակատագրերի բացահայտման բանաձևը, սովորեցրու' ինձ տեսնել ներկաս, գնահատել այն պահը, որն ապրում եմ:

Աստվա'ծ իմ, հավասարակշռությու'ն տուր աշխարհին:
Մի' մոռացիր արվարձաններում ապրող այն երեխաներին, որոնց վերջույթները սառել են մարդկանց անտարբերությունից:

Ջերմացրո'ւ մարդկանց հոգիները, փոքրիկ արևնե'ր մխրճիր նրանց սրտերում, ու թող որ դրա ճառագայթները տարածվեն հոգի կոչվող անհատակ զանգվածում:

Մարդկանց ներսից ու դրսից կապու'յտ հագցրու…

Սովորեցրու' նրանց արժևորել երեխաների ծիծաղը, ծերերի թաց աչքերը, թռչունների երգը, անգամ նրանց ճամփին հայտնված այն քարերը, որոնք խոչնդոտել են իրենց սահուն ու հեշտ վերելքը:

Չէ որ բոլորն են ուզում հայտնվել լեռան գագաթին` չհասկանալով, որ կարևորը մինչև դա անցած ճանապարհն է:
Ների'ր ձախ գնալուս համար, երբ բոլորը աջ են գնացել: Ների'ր երազներիս հավատարիմ մնալու համար:
Ների'ր, որ առ այսօր հավատում եմ հրաշքներին:
Սովորեցրու' չվախենալ կորցնելուց…
Ցու'յց տուր դեպի բարին տանող ուղին…
Աստվա'ծ իմ, ընդունի'ր մոմվառս. ես ինձ մաքուր եմ համարում… 

Հոգևոր բլոգ. Կարինե Ավագյան. Աղոթք