«Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա. Panorama.am
13/12/2013 18:52

«Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա. Panorama.am

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Երևանում բռնաբարել են 18-ամյա մտավոր խնդիրներ ունեցող Աիդային (անունը փոխված է), ով հանդիսանում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնի սանը: Աղջկան, ինչպես և ամեն օր, տանից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա իջեցրել է կենտրոնի ավտոմեքենան, որը երեխաներին ամեն օր տուն է տանում, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Panorama.am-ի հետ զրույցում «Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը պատմեց, որ մոր խոսքերով, դա միակ օրն է եղել, երբ երեխային չեն դիմավորել, իսկ մինչ այդ միշտ Աիդային դիմավորող եղել է.

«Մայրն ինձ պատմեց, որ եկել է տուն ու տեսնելով, որ Աիդան չի վերադարձել` անմիջապես զանգահարել վարորդին, ինչը հաստատեց նաև մեր վարորդը: Դրանից հետո զանգահարել է հիվանդանոց, մտածելով, թե երեխան, հնարավոր է, սայթաքել-ընկել է, հետո գնացել է ոստիկանության բաժանմունք և եղել է այնտեղ, երբ տանից զանգահարել ասել են, որ Աիդան այլայլված վիճակում տուն է եկել: Անմիջապես ոստիկանների հետ վերադարձել են տուն.. »,- պատմեց տնօրենը: Հաջորդ օրը ոստիկանությունում պահանջել են կենտրոնի մանկավարժ-հոգեբանի ներկայությունը հարցաքննության ժամանակ, որի ժամանակ էլ պարզվել է, որ հանցագործը Աիդային նստեցրել է տաքսի, տարել սկզբում Հաղթանակի այգի, ինչից հետո «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել ընդամենը մեկ ամիս առաջ չափահաս դարձած աղջկան: Բռնաբարության փաստը հաստատել է նաև դատաբժշկական փորձաքննությունը, նաև այն, որ Աիդան կույս է եղել.

«Ցավը գիտեք ինչո՞ւմ է: Միթե տվյալ անհատը չի գիտակցել ինչ քայլի է գնում, արդյո՞ք մտածել է, որ սա այսպես էլ կմնա»,- նշեց Ա.Աբրահամյանն ու հավելեց, որ բռնաբարություն կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն նրան բաց են թողել` չբացակայելու ստորագրություն վերցնելով.

«Քննիչն ինձ ասաց, որ դեռ քրեական գործ հարուցված չի, նյութերը նախապատրաստական փուլում են: Երբ քրեական գործը կհարուցվի, այդ ժամանակ էլ կորոշվի` տալ նախնական կալանավորում թե ոչ»,- տեղեկացրեց տնօրենը ու նաև հավելեց, որ դիմել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», որպեսզի հասարակական կարգով պաշտպան գտնվի տուժող կողմի շահերը պաշտպանելու համար:

Ավելի ուշ խոսակցությունը շարունակեցինք նաև Աիդայի մոր հետ. վերջինս ասաց, որ Աիդան շատ վատ վիճակում է, անկողնում պառկած է, գրեթե չի կարողանում քայլել, մտքերի մեջ է: Պարզաբանեց նաև, որ հանցագործին կարողացել են գտնել դստեր բջջայինի շնորհիվ, որն աղջկա մոտ է լինում, որպեսզի մայրը կարողանա օրվա մեջ հետը կապ պահել: Պարզվել է, որ կասկածյալը` Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 30-ամյա Գ.-ն, մինչ այդ որոշ ժամանակ անընդհատ զանգահարել է Աիդային, փորձել հանդիպել նրան, ժամադրել է և այդ օրն է, ինչի մասին փաստել են նաև կենտրոնի սաները, անընդհատ զանգահարել է ու սպասել է, թե երբ Աիդան կիջնի կենտրոնի մեքենայից: Ու հենց նրա զանգերի շնորհիվ էլ հնարավոր է եղել հայտնաբերել Գ.-ին ու բերման ենթարկել.

«Երբ մտանք ոստիկանության բաժանմունք, դրան ոստիկանների ուղեկցությամբ միջանցքում տեսանք: Աիդան կուչ եկավ, այլայլվեց, ոտքերը քարացան, գոռաց` մամա~ ինքն էր, ինքն էր»…. ոստիկանները սկսեցին հանգստացնել… Աիդաս շատ թույլ երեխա է»:

Բռնաբարության զոհի մայրը պատմեց, որ արդեն հայտնի է, թե ով է այդ Գ.-ին տվել Աիդայի հեռախոսահամարը, քանի որ մինչ այդ տևական ժամանակ նաև նա է զանգահարել Աիդային ու անհանգստացրել: Մայրն է խառնվել, փորձել վերջ տալ այդ զանգերին, անգամ Աիդան, մոր ասածներով, սպառնացել է երիտասարդին, որ ոստիկանություն են դիմել: Իսկ հետո զանգահարել է այդ երիտասարդի կինը և սպառնացել Աիդային, թե` «այ լիրբ, հանգիստ թող ամուսնուս» և այլ կարգի սպառնալիքներ հնչեցրել, բայց ոչ երիտասարդին, ոչ էլ, առավել ևս, նրա կնոջը Աիդան երբևէ չի տեսել: Եվ մայրը կասկածում է, որ Գ.-ի մոտ դստեր հեռախոսահամարը պատահական չի հայտնվել և առհասարակ դեպքը պատվիրված է:

Նյութի մանրամասները` այստեղ:

«Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա. Panorama.am