.jpg)
«Դավութօղլուի այցը ինդիկատոր էր` շոշափելու Հայաստանի քաղաքական դաշտը»
Ահմեդ Դավութօղլուի այցը նախապատասրտված շոու էր: Նա ցանկանում էր ցույց տալ, որ երկու ազգերի վերաբերմունքի մեջ հավասարություն կա: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի` Հայաստան կատարած այցի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Դա մանկամիտ խայծ էր: Անգամ եփած հավի ծիծաղը կգար նրա այն արտահայտությունից, որ հայերի դավաճանությանը իրենք պատասխանել են դեպորտացիայով: Կարծում եմ՝ քաղաքակիրթ մարդկությունը ռեալ գիտի, թե ինչ է տեղի ունցել»,- ասաց ՀՀԿ պատգամավորը և ավելացրեց, որ եթե Թուրքիան ցանկանում է իսկապես դառնալ քաղաքակիրթ երկիր, պետք է ճշմարտությանը նայի առանց կեղծ և շեղող ակնոցների:
Ասուլիսին մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց` նշելով, որ Դավութօղլուի այցը ինդիկատոր էր` շոշափելու հայաստանյան այսօրվա քաղաքական դաշտը:
«Թուրքիան լուրջ խնդիր ունի. Մի կողմից ցանկանում է ցույց տալ, թե դեմոկրատ պետություն է և զրո խնդիր ունի հարևանների հետ, սակայն չկա մի հարևան, որի հետ Թուրքիան խնդիր չունենա»,- ասաց Ա. Ախոյանը:
Եզրափակելով խոսքը` ԲՀԿ պատգամավորը նշեց, թե եթե թուրքերը ցանկանում են սրբագրել իրենց պատմությունը, ապա պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Միջազգային իրավունքի սահմաններում պետք է դատական գործընթաց սկսել՝ արխիվներում պահած փաստաթղթերը փռելով սեղաններին»: